

Հոկտեմբերի 20-24-ը Երեւանում եւ Ստեփանակերտում կազմակերպված համահայկական 8-րդ համաժողովի արդյունքներն են այսօր ամփոփվել Մամուլի ազգային ակումբում: Հիշեցնենք՝ համաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ՝ քննարկելով համահայկական մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում՝ հայկական հարցերի հետ կապված լուսաբանումների թեման: «Հայոց պետականությունը միասնության առանցք» խորագրի ներքո անցկացված համաժողովը անդրադարձել եւ գնահատել է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին հայկական լրատվական ցանցի գործունեությունը: Համաժողովի արդյունքներից մեկն էլ այն է, որ հստակեցվել են, թե ինչ կոնկրետ համակարգված աշխատանքներ պետք է նման դեպքերում իրականացնեն նաեւ օտարալեզու հայկական լրատվամիջոցները:
Համահայկական միասնական տեղեկատվական դաշտը համահայկական մասնագիտական ցանցերից մեկն է, որն այս համաժողովում է ստեղծվել: Հստակեցվել են աշխատանքների վեկտորները: Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանի խոսքով` «աշխատանքներն արդյունավետ էլ շարունակում են, ընդգրկված են Սփյուռքի եւ հայաստանյան տարբեր լրատվամիջոցների խմբագիրներ»:
Մասնակիցների, երկրների ընդգրկվածության առումով այս համաժողովն առանձնացել է նախորդներից: 140 խմբագիր, որից 92-ը Սփյուռքից՝ աշխարհի 30 երկրից:
Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն անդրադարձավ քննարկված հիմնական թեմաներից մեկ-երկուսին: «Վերաբերում է հայ լրատվամիջոցների համագործակցությանը արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ Սփյուռքի կառույցների եւ կազմակերպությունների համագործակցությանը»:
Համաժողովից տպավորությունների եւ արդյունքների մասին այսօր խոսեցին նաեւ դրան մասնակցած Սփյուռքի մի քանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ: Մոսկվայում լույս տեսնող «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը, օրինակ, պարզել է, որ Սփյուռքի ամենամեծ տպաքանակ ունեցող տպագիր լրատվամիջոցը հենց իր խմբագրած «Ժամ» ամսագիրն է: «Ժամ»-ի խմբագիրը կարծում է, որ Սփյուռքի լրատվամիջոցները զգում են պետական բարոյական օժանդակության կարիքը: Կարծում է, որ դրա մասին պետք է մտածել:
Ժնեւում լույս տեսնող «Արձագանք» երկամսյա հանդեսի գլխավոր խմբագիր Մարալ Սիմսարի փոխանցմամբ՝ «Արձագանք»-ը շուտով տոնելու է իր 30-ամյակը: Մարալ Սիմսարն ասաց, որ խնդիրներ ունեն, իսկ առաջնայինը «մարդուժի» պակասն է, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն եւ առավելաբար աշխատում են հասարակական հիմունքներով եւ ընտանիքի հնարավորություններով: Մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, Ժնեւը կարեւոր կենտրոններից է: Ըստ նրա՝ ամենուր զգացվում է թուրք-ադրբեջանական քարոզչության ազդեցությունը, որի դեմ պայքարելու համար իրենց կամավորական ջանքերը բավարար չեն:
Բանախոսները նաեւ անդրադարձան ու գնահատեցին ապրիլյան պատերազմի օրերին հայկական լրատվական ցանցի գործունեությունը: Նրանց ձեւակերպմամբ՝ այդ օրերին հայկական լրատվամիջոցները առանց որեւէ կոչի, միասնական ձեւով եւ համախմբված իրականացրին անհրաժեշտ քարոզչությունը: Արդյունքի մասին էլ ամփոփումներ կատարվել են Երեւանում մեկնարկած եւ Ստեփանակերտում ավարտված համաժողովում:




