Քաղաքական

Քաղաքական ուժերը սպասում են վարչապետի գործնական քայլերին

lenabadeyan

Խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը պատրաստ են սպասել: Սպասել՝ վարչապետի գործնական քայլերին։ Կարեն Կարապետյանի արտահայտած մտքերը՝ թե կառավարության ծրագիրը ներկայացնելիս, թե վերջին հարցազրույցի ժամանակ, ընդունելի են բոլորին։ Որքանով այդ ամենը իրականություն կդառնա՝ արդեն ցույց կտա ժամանակը: Իսկ ժամանակը բավականին սուղ է՝ հիշեցնում են պատգամավորներն իրենց զրույցներում՝  շեշտելով՝ իրավիճակն այնքան ծանր է, որ երկար սպասելու ժամանակ չկա: Խորհրդարանականները զրույցներում առավելագույնը նշում են 2 ամիս ժամկետ, երբ իրականում պարզ կդառնան, թե վարչապետի խոսքերից ինչն է իրականություն դառնում:    

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերին չհավատալու հիմքեր դեռեւս չկան՝ ասում է պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ցանկացած մեկը, ով ապրանքների ներկրման հարցում խոչընդոտների կբախվի, կարող է ահազանգել, դիմել իրեն: Ահազանգերը սպասեցնել չտվեցին: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հենց Աժ-ում հնչեցրեց առաջին ահազանգը: Պատգամավորը վկայակոչեց <<Արազգ>> ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի խոսքերը, որ իրեն արգելել են Հայաստան ներկրել մոտ 100 տոննա դիզելային վառելիք:

Այս հարցով հենց վարչապետի ձեռքի համարին զանգել այլեւս պետք չէ՝ համոզված է Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ լուրջ հույսեր կապելով վարչապետի հայտարարությունների հետ: «Ես հիմա գրեթե համոզված եմ, որ այս հարցադրումը կառավարությունում քննարկում են: Իրավիճակը ճիշտ գնահատող, գիտակցող, պատասխանատվության չափն էլ գիտակցող պետական պաշտոնյայի խոսք էր»:

Շատ գործիչներ այսօր խորհրդարանում շեշտում էին՝ սպասել է պետք, բայց չի նշանակում, որ անվերջ: Մի քանի ամիս վարչապետի քայլերին դեռ հավատով կհետեւեն օրինակ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Հովհաննես Մարգարյանը:

Այսօր արդեն շատերը խորհրդարանում արտահայտվում են եւ ընդունում՝ մենաշնորհից բացի բազմաթիվ այլ խնդիրներ կան, որ առաջնային լուծում են պահանջում: Եթե այդ ամենը կար եւ բոլորը հասկանում էին՝ ի՞նչն էր պատճառը, որ ժամանակին լուծում չեն ստացել՝ <<Ռադիոլուրի>> հարցին 1992-93 թթ-ին վարչապետ աշխատած Խոսրով Հարությունյանը պատասխանեց բոլոր նախորդ վարչապետերի փոխարեն: «Սրանից մի 8-9 տարի առաջ ՀԲ, Արժույթի հիմնադրամի բոլոր փորձագետները միաբերան արձանագրում էին այն ոլորտները, որտեղ մենք ակնհայտորեն ունեինք կոռուպցիոն ռիկսեր՝ նոտարական ծառայություն, կադաստր, <<ԳԱԻ>> ծառայություն. մեքենաների գրանցում, համարների տրամադրում, հարկային վարչարարություն, կրթության ոլորտը, արդարադատություն եւ այլն: Համաձայնեք, որ այսօր դա չկա: Հիմա արվա՞ծ են քայլերը՝ անշուշտ արված են, բավարար են՝ ոչ: Հետեւաբար ասել, որ ոչինչ չի արվել՝ շատ անարդարացի է գնահատականը»։

Ապագայի հանդեպ լավ ակնկալիքներ ունի նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Կարծո՞ւմ է արդյոք, որ ժողովուրդը վերջապես արժանացավ իր երազած վարչապետին: «Ժողովուրդը, սովորաբար, վարչապետեր, Աժ նախագահներ չի երազում ունենալու համար: ժողովուրդն ուզում է ընդամենը կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել : Այ սրա մասին է մեր ժողովրդի երազանքը: Եվ ոչ թե իմ կամ մի ուրիշի մասին»։

Ի դեպ, խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ <<մենաշնորհը ցանկալի երեւույթ է պետության համար>>, հստակեցրեց, որ բոլոր պետություններում է այդպես, ուղղակի մենաշնորհը ճիշտ պետք է ձեւավորված լինի: Գալուստ Սահակյանն իր խոսքում նաեւ կարծիք հայտնեց, որ վարչապետը եւ ընդդիմության, եւ իշխանության, եւ ամբողջ հասարակության կարիքն ունի:

Back to top button