
ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Մեր քննարկումների նպատակն է հակամարտության կարգավորման ուղի գտնելը»,-ասել է Ուորլիքը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատում են հակամարտության խաղաղ լուծման հասնելու համար։
RIA Novosti-նԻ փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ստատուս-քվոն կայուն չէ։
«Մենք պետք է շարունակենք արդյունավետ աշխատել՝ գտնելու խաղաղ կարգավորման ուղիներ»,-ասել է Ուորլիքը։
Նա նշել է, որ այսօր բանակցային սեղանին կան կարգավորման շատ տարրեր։
Ուորլիքի խոսքով՝ դեռևս չկա տեղեկություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին։
Համանախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կարող են հանդիպել Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական հանդիպմանը։
Ուորլիքը նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է։ «Երկու երկրների երեխաները պետք է խաղաղ ապրեն և դրան անհրաժեշտ է հասնել բանակցություններով»,-հավելել է նա։ Ուորլիքի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում։




