ԿարևորՔաղաքական

Կ. Կարապետյան. Գնահատում ենք այն բեռը, որ պետք է բարձրացնենք (լրացված)

lusinevasilyan

Խորհրդարանն արտահերթ նիստում հավանության է արժանացրել Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը: Փաստաթղթին  կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7-ը, ձեռնպահ՝ 6-ը: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պաշտպանել են ծրագիրը, ՀԱԿ-ը դեմ է քվեարկել, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ: ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Մինչ քվեարկությունը երկօրյա քննարկումն ամփոփիչ ելույթով եզրափակել է  վարչապետը: Մոտ 30 հարց ու այդքան էլ ելույթ լսելուց հետո Կարեն Կարապետյանը արձանագրել է, որ խորհրդարանում հնչած առաջարկների մի մասը հետաքրքիր էր, մյուս մասը ՝ տրամաբանորեն անհասկանալի:  Անկախ հանգամանքից, թե ով ինչպես  է քվեարկել,  կառավարությունը բաց է համագործակցության համար ՝ հավաստիացրել է  վարչապետը:  

 

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն ավելի որակյալ է, բայց և  նման է նախորդներին: ՕԵԿ-ը և դրականն է տեսնում, և բացասականը, բայց միևնույնն է՝  չի կարողանում անկեղծորեն հավատալ ծրագրին: «Մենք չեն կարող կողմն լինել այն ծրագրին, որտեղ օֆշորի, ձերբակալությունների պատասխանատվության մասին ոչինչ չկա, բայց չենք էլ կարող հնարավորություն չտալ այս կառավարությանը: Դրա համար մենք ձեռնպահ կքվեարկենք»,- ասաց խմբակցության նախագահ Հերմինե Նաղդալյանը։

ԲՀԿ-ն  նույնպես և հավատում է, և չի հավատում: Ամփոփիչ ելույթում  Միքայել Մելքումյանը խոսեց ռազմական արդյունաբերությունից,  գազի սակագնից, լոգիստիկ համակարգից, վարկերի տոկոսադրույքներից, աշխատավարձերից և եզրակացրեց. «Պետք է կոմպլեքս լուծումներ գտնել, որ թունելի վերջում լույս երևա:    ԲՀԿ-ն չի  կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը»:

Փոխարենը՝ քաղաքական պատասխանատվությունը կիսում է ՀՅԴ-ն: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հորդորում է պաշտպանել ծրագիրն ու օգնել, որ այն իրականություն դառնա:  ՀՅԴ-ն հավատում է, որ նախկինների գործունեությունից կամ անգործունեությունից 14-րդ  կառավարությունը դասեր կքաղի ու հաջողություն կունենա։ «Եթե մասնակից ու պատասխանատու լինենք: Իմ կուսկացությունը մասնակից է ու պատասխանատու»,- ասած ՀՅԴ խմբակցության քարտուղարը։

ՀԱԿ –ը դժգոհ է կառավարության  ծրագրից: Լևոն Զուրաբյանը կարծում է, որ այն հստակ  չի նշում, թե որն է տեսլականը և չի տալիս գնահատական, թե որն է ներկա վիճակը, ընդամենը գործիքակազմ է ներկայացնում՝ առանց թիրախային ցուցանիշների:  Ուրեմն, այլ բան չի մնում մտածել, քան այն, «որ ձեր առաքելությունը Հանրապետական կուսակցության դեմքը ընտրություններից առաջ փրկելն է»:

Այս արձանագրումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին թվաց, թե Զուրաբյանը ծրագիրը կամ չի կարդացել, կամ լավ չի կարդացել: Ինչ վերաբերում է դեմքը փրկելուն, ապա ՀՀԿ-ն, Շարմազանովի խոսքով, փրկիչների կարիք չունի: «Եթե ինչ-որ մեկն էլ փրկության կարիք ունի, ուրեմն իշխանության մեջ չէ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վարչապետի մուտքը հաղթական էր ու դա պայմանավորված է նաև  ծրագրով: Այն կարճ է,  կոնկրետ ու հստակ լուծումներով: Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ ելույթների մեծ մասում պատգամավորները շատ բան ծրագրից ողջունել են, հիմա չի հասկանում, թե ինչին են  դեմ: «Ինչին եք դեմ: Ես կարող եմ ենթադրել, որ այն ուժերը, որոնք կողմ չեն ծրագրին, ցանկանում են ձախողել ծրագիրը այլ մանր- մունր նպատակներ իրագործելու համար»:

Եզրափակիչ ելույթը վարչապետինն էր: Մոտ 30 հարց ու այդքան էլ ելույթ լսելուց հետո Կարեն Կարապետյանը արձանագրեց, որ  ելույթների մի մասը հետաքրքիր էր, մի մասի տրամաբանությունն  անհասկանալի էր իրեն: Վարչապետն արձագանքեց համարյա բոլոր խմբակցություններին: «Մեր ՕԵԿ -ի գործընկերներն ասում են՝  գրել եք կոռուպցիայի դեմ պայքար,  բոլորը գրել են, չգրե՞նք։  ՀԱԿ-ի գործընկերներն ասում են՝ ախտորոշում չեք կատարել: Ճիշտ եք, չենք արել, գրել ենք, որ պետք է անենք, ու այն, ինչ պետք է անենք, 20 օրը բավարար չէ»։

Վարչապետը ցանկանում էր անդրադառնալ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը: Անունը շփոթեց: «Բարգավաճ Հանրապետականը…. Ասում է՝ ծրագիրը լավն է, բայց չկա պատրաստակամություն ծրագրին տեր կանգնելու։ Այդ պատրաստակամությունը ծրագրում ինչպե՞ս պետք է ձևակերպեինք, հուշեք՝ ձևակերպենք»։

Իսկ ընդհանրապես անկախ հանգամանքից, թե ով կողմ քվեարկեց, ով դեմ, ով չքվեարկեց՝ գործադիրը բաց է համագործակցության ու կոնկրետ առաջարկների համար:

Իսկ քվեարկությունը ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանի թիմին վստահում է 85 պատգամավոր: Սա ավելին է, քան՝ նախորդ երեք ծրագրերի խորհրդարանական աջակցությունը: Տիգրան Սարգսյանի կառավարության երկու ծրագրերը այս խորհրդարանում պաշտպանել է մոտ 70 , իսկ Հովիկ Աբրահամյանինը՝   67 պատգամավոր:

Կարդացեք նաև

Back to top button