Հասարակություն

Պատվաստանյութերն անվտանգ են.հավաստիացնում են մասնագետները

sonahakobyan
Պատվաստումների հանդեպ անվստահությունը միայն Հայաստանում չէ, որ կա, այն բնորոշ է ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ՝ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի օգնական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ այդ մտահոգությունն ու անվստահությունը բացառապես իրազեկվածության պակասի և ոչ մասնագիտական մոտեցման հետևանք է: Նա նշել է, որ 6 ամսականից սկսած  երեխայի մոտ նվազում է մորից ստացած իմունիտետը  և պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Գայանե Սահակյանը հավաստիացրել է, որ Հայաստան ներկրված  պատվաստանյութերը անվտանգ են:

 

 

Ավելի հեշտ է  հիվանդությունը կանխարգելելը, քան՝ բուժելը: Կան վտանգավոր վարակներ, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ: Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սպառնում է հատկապես թիրախային խմբերին` նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը: Նշված հիվանդություններից երեխաներին պաշտպանելու թերևս միակ  միջոցը պատվաստումներն են,  որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել դրանք և ինֆեկցիաները դարձնել կառավարելի: Սովորաբար պատվաստումների անհրաժեշտությունը երեխաների շրջանում առաջանում է բավականին վաղ տարիքում:

Մասնագետների դիտարկմամբ, ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն 6 ամսականից սկսած երեխայի մոտ նվազում է մորից ստացած իմունիտետը,  և պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի օգնական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ծնողներին հորդորում է չհետաձգել և ժամանակին կատարել այդ պատվաստումները:

«Ռադիոլուրն» իր հերթին հետաքրքրվեց, թե որքանով են ծնողները հետևում պատվաստման ժամկետներին և արդյո՞ք վստահում են պատվաստանյութերին:

Իհարկե՝ գաղտնիք չէ, որ որոշ ընտանիքներ հրաժարվում են նորածիններին պատվաստման ենթարկել` փաստարկելով, որ դրանք կարող են առողջության վատթարացման պատճառ դառնալ: ԱՆ աշխատակիցները հստակ վիճակագրություն չունեն, թե նորածինների կամ ավելի ուշ տարիքի երեխաների քանի տոկոսն  է պարտադիր պատվաստման ենթարկվում: Ծնողների` պատվաստումներից հրաժարվելու ամենատարածված պատճառը հետպատվաստման բարդություններն են, որոնք կարող են ուղեկցվել տարբեր երևույթներով: Պատահում են դեպքեր, երբ երեխաները դժվար են հաղթահարում օրգանիզմում առաջացած սթրեսը: Որոշ ծնողների շրջանում կարծիք կա, որ պատվաստումները կարող են առաջացնել աուտիզմ կամ նպաստել իմունային համակարգի անկմանը: Բացի այդ, հաճախակի են շրջանառվում նաև լուրեր պատվաստանյութերի անհայտ ծագման կամ դրանց ժամկետանց լինելու մասին: Գայանե Սահակյանը հավաստիացնում է, որ պատվաստանյութերը բացարձակ անվտանգ են:

Գայանե Սահակյանը միանշանակ հերքում և ապատեղեկատվություն է  համարում պատվաստանյութերի անորակ լինելու մասին լուրերը: Նա հավաստիացնում է, որ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը գնվում են Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Կանադայից:

Back to top button