Քաղաքական

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ

Հայաստանում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին այսօր ընդունել են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները։

ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերին։

Պաշտպանության նախարարի եւ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակն ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատկերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու փոխվստահության վերականգման միջոցներին միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը՝ հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարն ու Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին պաշտպանության և անվտանգության բնագավառներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հեռանկարները։

Back to top button