Հասարակություն

Ավելի մատչելի Երեւան՝ մինչեւ 2025-ը (լուսանկարներ)

karenghazaryan
Երեւանում այսօր տեղի է ունեցել «Աշխարհն առանց արգելքների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը: Համաժողովին մասնակցել են միջազգային փորձագետներ ու ՀԿ-ների ներկայացուցիչներ: Մինչ փորձագետները քննարկում են հաշմանդամություն ունեցողների խնդիրները՝ Երեւանի քաղաքապետարանն այս ուղղությամբ շարունակում է իր ծրագրերը կյանքի կոչել: Վերջին երեք տարիներին Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել տեղաժարժվելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն: Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի վրա արդեն տեղադրվել է 25 վերելակ, որոնք հնարավորություն են տալիս սայլակներից օգտվող քաղաքացիներին հեշտությամբ բարձրանալ ավտոբուս: Նման ավտոբուսների քանակն այսօր ավելացվել է եւս 5-ով: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ այսօրվա զրույցում տեղեկացրել է, որ ներկայումս հարմարեցված ավտոբուսները սպասարկում են մայրաքաղաքի 7 երթուղի:

 

 

Երեւանի քաղաքապետարանի դիմացից այսօր եւս 5 ավտոբուս երթուղիներ դուրս եկան, որոնցում տեղադրված են վերելակներ: Տեղաշարժվելու դժվարություններ ունեցող քաղաքացիներն այսօրվանից հնարավորություն ունեն օգտվելու նաեւ դրանցից:

«Ես ինքս հաստատ կօգտվեմ այս ավտոբուսներից»:

Շուշան Նահապետյանն այսօր երթուղի դուրս եկած վերելակավոր  ավտոբուսներից մեկի առաջին ուղեւորներից էր: Աշխատանքի է գնում ամեն օր, աշխատում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունում: Սայլակով է տեղաշարժվում արդեն 25 տարի: Վերելակավոր ավտոբուսների հարմարավետությունը կարող ես զգալ առաջին իսկ օգտվելուց՝ ասաց.

«Մենք հորդորում ենք հաշմանդամություն ունեցող մեր բոլոր անձանց, որ ակտիվորեն օգտվեն մեր ավտոբուսներից, որպեսզի դա բոլորի մոտ մշակույթ դառնա: Ավտոբուսը համ ապահով է, համ էլ՝ մատչելի գրպանի համար»:

Աշխարհում ընդունված միջոց է, եւ նաեւ սայլակներով ծնողները կարող են օգտվել այդ հարմարեցված ավտոբուսներից՝ հավելեց Շուշանիկը:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փոխանցմամբ՝ արդեն կան երթուղիներ, որոնցում 11 ավտոբիսից 8-ում կա տեղադրված վերելակ: Այսինքն, տեղաշարժվելու դժվարություններ ունեցող անձը  տվյալ երթուղուց օգտվելիս երկար սպասելու անհրաժեշտություն էլ չի ունենա:

«Այդ երթուղիները հիմնականում տեղաբաշխված են այնպես, որ քաղաքի բոլոր վարչական շրջաններից դեպի քաղաքի կենտրոն կարողանան տեղափոխել մեր համաքաղաքացիներին»:

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու եւ, գնալով, թե՛ երթուղիների թիվը կավելանա, թե՛ վերելակներով հարմարեցված ավտոբուսների՝ վստահեցրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը: Շարունակվում են նաեւ մայրաքաղաքը տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար մատչելի դարձնելու այլ աշխատանքները: Առաջնայիններից է թեքահարթակների կառուցումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականից քաղքաշինական նախագծերում անպայման ներգրավվում է յուրաքանչյուր խնդիր, որը կարող է խոչընդոտ լինել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելու համար: Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի փոխանցմամբ՝ աշխատանքների մեկնարկը տարիներ առաջ տրվել է հասարակական կազմակերպությունների հետ: Եթե առաջին փուլում կար անվստահություն, ապա աշխատանքը ցույց տվեց, որ հնարավոր է ունենալ մատչելի քաղաք: Թեքահարթակների մասով էլ բավականին մեծ ծավալի աշխատանքներ արդեն ավարտվել են: Աշխատանքների արդյունքներն զգացել եւ գնահատում են նաեւ սայլակներից օգտվող հաշմանդամները՝ մայրաքաղաքում տեղաշարժվելւ հեշտացել է:

275 թեքահարթակ միայն այս տարի է կառուցվել: Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի փոխանցմամբ՝ դեռեւս շուրջ 420 թեքահարթակի անհրաժեշտություն կա: Առաջիկայում այդ խնդիրն էլ անպայման կլուծվի: Սկսվել է նաեւ տեսողության հետ խնդիրներ ունեցողներին եւ կույրերին փողոցների անցումներն ու խաչմերուկները հարմարեցնելու փորձնական ծրագիրը: Այն կույրերի դպրոցից է մեկնարկել: Նմանօրինակ տարբեր նախագծեր կան, որոնք շարունակական են լինելու: Քաղաքապետարանի տեսլականն այն է, որ մինչեւը 2025 թվականն ունենանք մատչելի քաղաք բոլորի համար՝ եզրափակեց Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Back to top button