

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտը բարձիթողի վիճակում է: մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով, անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 62 տոկոսին չի անհանգստացնում, թե տարբեր կազմակերպություններին տրամադրած, սոցցանցերում հրապարակած իրենց անձնական տվյալները հետագայում ինչպես են օգտագործվելու, ինչպես են դրանք պահպանվելու:
<<Բարձիթող վիճակ>>. այսպես է բնութագրում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Վերջինս հիշեցնում է, որ 2015 թ այս ոլորտը կարգավորելու համար օրենք ընդունվեց, բայց դեռևս արդյունքները շոշափելի չեն:
Շուշան Դոյդոյանը ներկայացնում է նաև մի քանի կոպիտ խախտումներ, որոնք իրականացվում են առանց իրավական կարգավորումների, մասնավորապես տեսահսկող սարքերով նկարահանումները 90 տոկոս դեպքերում իրականացվում է առանց իրավական կարգավորումների, առանց անձնական տվյալների պաշտպանության հիմնական կանոնների: Միակ ոլորտը, որտեղ կարգավորում կա, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար իրականացվող տեսահսկումն է: Ի դեպ, գործակալությունը մշակել է տեսահսկման ուղեցույց, որտեղ հանգամանալից ներկայացված են տեսահսկման կանոնները, տեսահսկում իրականացնողների և տեսահսկվողների իրավունքները: Սակայն այն իրավական որևէ հիմք չունի:
Գործակալության պետը ներկայացրեց, որ եթե գործատուն շենքում իրականացնում է տեսահսկում բացառապես անվտանգության նպատակով և դրա մասին տեղյակ է պահել աշխատողներին, ապա հետո չի կարող փոխել նպատակը և տեսահսկման սարքով ձեռք բերված ձայնագրությունն օգտագործել աշխատողի դեմ։ Օրինակ, ասի, թե նա ուշացել է աշխատանքից ու տույժ կիրառի աշխատողի նկատմամբ: Բացի դա՝ անձը պարտավոր է տեղյակ լինել, որ տարածքը տեսահսկվում է ու կարող է դիմում ներկայացնել ու տեսահսկում իրականացնող սուբյեկտից պահանջել ձայնագրությունը, որի վրա կան դիմողի տվյալները: Եթե մերժում ստանա, ապա կարող է դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, որտեղ խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացվի վարչական վարույթ:
Ի դեպ Շուշան Դոյդոյանը անդրադարձավ նաև տարբեր ընկերությունների կողմից քաղաքացիներին ուղարկվող անցանկալի հաղորդագրություններին: Ասաց, որ մշակվել է օրենսդրական փոփոխություն, որով կպահանջվի նման SMS հաղորդագրություններ ուղարկել միայն քաղաքացիների համաձայնությամբ։




