

Խորհրդարանն արտահերթ նիստում շարունակել է քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը մշակվել է ընդդիմության հետ քաղաքական համաձայնության արդյունքում: Առաջարկվող հիմնական փոփոխությունը վերաբերում է ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը: Իշխանությունը շարունակում է կարծել, որ ցուցակների հրապարակումը խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, բայց, ըստ Դավիթ Հարությունյանի, համաձայնել է գնալ այս փոփոխությանը՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով: Ընդդիմադիրները կարծում են, որ ընտրությունների նկատմամբ վստահությունը հերթական անգամ խարխլվել է Վանաձորի և Գյումրիի ընտրություններում: Իշխանությունը ընդդիմադիրներին հորդորում է մեղավորներ փնտրել սեփական շարքերում:
ԱԺ 6 խմբակցություններից 5-ը ստորագրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման համաձայնագիրը և կարծել, որ նոր մեխանիզմները՝ ցուցակների հրապարակում, ընտրական գործընթացի տեսանկարահանում, ընտրախախտումների համար պատիժների խստացում, կնպաստեն ավելի լավ ընտրություններ անցկացնելուն: Այսօր սակայն, երբ նախագիծը քննարկվում է, պատգամավորներն ավելի շատ մտահոգություններից, քան ակնկալիքներից են խոսում:
Պատճառը` ՏԻՄ ընտրություններն են, մասնավորապես` դրանց ընթացքում իր ողջ հմայքով դրսևորված բոնուսային համակարգը: «Ես անվանում եմ ֆոկուս –բոնուս: Ինչ բոնուս, ֆոկուս է , երբ 11 մանդատը դառնում է 17 և քիչ ձայն հավաքած թեկնածուն քաղաքապետ է ընտրվում»,- ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավարը՝ Գյումրիի ավագանու ընտրությունների օրինակը բերելով։ Հեղինե Բիշարյանն զգուշացնում է՝ ապրիլին քաղաքական ուժերին դաժան պայքար է սպասվում:
ԲՀԿ-ն նույնպես Ընտրական օրենսգրքի բարեփոխման համաձայնագիրը ստորագրած խմբակցություններից է: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ընտրացուցակները հրապարակելու որոշումը կարևոր է համարում, բայց ոչ այնքան, որ դա որպես հերոսական քայլ ու Վենետիկի հանձնաժողովին հակադրվելու փորձ ներկայացվի: « Եթե 2007- ին, 2012-ին գնայինք այդ ճանապարհով, Ջանի Բուքիքիոն հաստատ ինքնասպան չէր լինի: Այնպես որ, այս քայլը պետք չէ ներկայացնել որպես Վենետիկի հանձնաժողովին դիմադրելու հերոսական ճիգ»:
Իսկ ընդհանրապես ԲՀԿ-ն նախագծի առնչությամբ այս պահին երկու մտահոգություն ունի և դրանք որպես առաջարկներ կներկայացնի: Դրանց ընդունումից կախված կլինի նաև ԲՀԿ քվեարկությունը: Առաջարկներից մեկը վերաբերելու է մանդատների բաշխման ժամանակ գործող բոնուսային համակարգին: «Անարդար մեխանիզմ է՝ անկախ նրանից, թե այդ համակարգն ինչպես է գործում Իտալիայում կամ Սան Մարինոյում»:
ՀՀԿ խմբակցությունից բոնուսային համակարգը քննադատող ուժերին հիշեցնում են՝ այս մեխանիզմը նոր չէ ու գործել է նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Բացի այդ՝ պարզ թվաբանություն է՝ հավելում է Հանրապետական խմբակցության ղեկավարը։ «Բոնուսը պարզ թվաբանություն է, ուղարկեք Միքայել Մելքումյանին թող հաշվի: Դրել քննադատում եք այն օրենքը, ոը դուք եք ընդունել: Այլ առաջարկ ունենք, ներկայացրեք»: Ու ընդհանրապես՝ հանգիստ թողեք Գյումրիի և Վանաձորի քաղաքապետերին, թույլ տվեք աշխատել՝ ընդդիմադիրներին հորդորեց Վահրամ Բաղդասրյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ խորհուրդ տվեց դուրս գալ Վանաձոր-Գյումրի մայրուղուց ու առաջ նայել: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հիշեցրեց՝ հավաքվել են քննարկելու այն փոփոխությունները, որոնք բխում են 5 խմբակցությունների ստորագրած համաձայնագրից: «Կամ չեք կարդում, թե ինչ եք ստորագրում, կամ այլ քաղաքական խաղ եք վարում, որն այս խորհրդարանին սազական չէ»:
Կառավարությունը համաձայնագրից չի շեղվել և ամբողջությամբ իրականացրել է այն փոփոխությունները, որոնք նշվել են համաձայնագրում՝ հայտարարեց Դավիթ Հարությունյանը և քաղաքական ուժերին էլ հորդորեց մնալ այդ տիրույթում: Ի դեպ, բոնուսային համակարգը, ըստ Հարությունյանի, նույնպես քննարկման թեմա, է , բայց ոչ հիմա և ոչ այս համատեքստում: «Ընդունում եմ, որ կարող էիք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկումների, բայց հաշվի առեք՝ խոսքը վերաբերելու է կոմպլեքսային լուծմանը։ Իսկ գնդակը ձեր դաշտում է»։
Նախագծին միանշանակ կողմ քվեարկելու մասին այսօր հայտարարեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ասացին իրենց քվեարկությունը կախված է լինելու ներկայացված առաջարկների ընդունումից: Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկվելու է վաղը:




