Քաղաքական

ԼՂՀ հակամարտության խնդրում ՀԱՊԿ-ից ակնկալիքները պետք է լինեն նվազագույն

karenghazaryan
Այն մթնոլորտը, որ տիրում է ԼՂՀ-ում, ես շատ ուրախ կլինեմ, որ տեղափոխվի նաև Հայաստանի Հանրապետություն՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ  այս ցանկությունն է հայտնել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Ներկայացնելով ԼՂՀ-ում կատարված ծավալուն աշխատանքները՝ Իսագուլյանը շեշտել է, որ գոյություն ունեցող ասեկոսեները իրականության հետ կապ չունեն: Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժեր չեն լինելու: Թեմային անդրադառնալով՝ Լարիսա Ալեվերդյանն այսօր համոզմունք է հայտնել, որ հակամարտության կարգավորման խնդրում որեւէ տեղաշարժ չի լինելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխություններ չեն նշմարվելու Մադրիդյան սկզբունքներում: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ հավաքներից էլ Արցախի հարցով պետք է պարզապես ունենալ նվազագույն ակնկալիքներ ընդհանրապես:

ԼՂՀ-ից նոր վերադարձած Գառնիկ Իսագուլյանը տարօրինակ է համարում, որ կան գործիչներ, ովքեր կոչ են անում միջոցներ չտրամադրել Արցախին: Վերջին 10 տարիներին Արցախի տնտեսական աճը միշտ երկնիշ է եղել՝ միջինը 10 տոկոս տարեկան: Նման պայմաններում սա ծավալուն աշխատանքի մասին է խոսում՝ ասաց նա, ապա շեշտեց, որ բոլոր ասեկոսեները իրականության հետ կապ չունեն: Հատկապես՝ հողերի հանձնման թեման, նրա գնահատմամբ, զուտ շահարկումներ են՝ քաղաքական դիվիդենտներ շահելու մտայնությամբ:

«Երբեք մի հավատացեք նման բաների: Որեւէ մեկը նման տրամադրվածություն չունի եւ չի էլ ունենալու: Առավել եւս ԼՂՀ իշխանությունների մոտ: Կարող եք սրանում հանգիստ լինել»:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանից հետո Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տարածած հայտարարության մասին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց հետեւյալը.

«Նման բաներ միշտ հայտարարում են, չեմ կարծում, որ այդ հայտարարության մեջ կա մի բան, որ մեզ համար նորություն կամ խորթ է»:

Ըստ բանախոսի՝ ներկա իրավիճակը միանշանակ կպահպանվի: Առավել եւս՝ երկու պետություններում ընտրություններ են մոտենում, իսկ նման պարագաներում ոչ մի փոփոխություններ չեն լինում: Կարեւորը, որ մենք ներքին միասնականություն ունենանք եւ հաջողությամբ ավարտին հասցնենք այն թերությունների շտկումը, որոնք ի հայտ եկան ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ասաց նա:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հավաքներից ԼՂ հարցով ակնկալիքները պիտի լինեն նվազագույն: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցում ընդհանրապես ակնկալիքներ ունենալ էլ պետք չէ: Նրա ձեւակերպմամբ՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ փոփոխություններ չեն եղել Մադրիդյան սկզբունքների էության մեջ:

«Այդ սկզբունքների ներքո որեւէ ռեալ քայլ հնարավոր չէ անել: Ոչ Ադրբեջանին է դա հնարավոր, ոչ էլ Հայաստանին եւ, մանավանդ, ուղղակի բանակցային գործընթացից դուրս մղված Արցախի համար»:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի գործոնը կարեւոր է՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ բոլոր գործոններն էլ կարեւոր են: Սակայն, Թուրքիայի անմիջական մասնակցությունը ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, նրա խոսքով, բացառվում է:

«Թուրքիան 25 տարիների ընթացքում ցույց է տվել, որ ինքը միակողմանի դիրքորոշում ունի: Թուրքիան երբեք ԼՂ խնդրի լուծմանն անմիջական մասնակցություն չի կարող ունենալ: Իր կողմից դրականն այն կլինի, որ առանց նախապայմանների բացի սահմանը: Դա ցույց կտա, որ այլեւս թշնամաբար չի տրամադրված ՀՀ-ի նկատմամբ: Ուրիշ կարգավիճակով ես չեմ պատկերացնում Թուրքիայի մասնակցությունը ԼՂՀ խնդրի կարգավորմանը»:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ նույնպես՝ Թուրքիան խնդրի կարգավորման մեջ որեւէ դեր ունենալ չի կարող:

«Դա հակասում է ոչ միայն ՀՀ-ի շահերին, այլ նաեւ տարածաշրջանի այլ պետությունների, օրինակ՝ նույն Իրանի: Այնպես, որ Թուրքիան այստեղ չի կարող ունենալ որեւէ ակնկալիք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությանը: Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ նա միշտ է պատրաստվում պատերազմի եւ որ օրը հասկանա, որ կարող է դա ավարտել հաղթանակով, սկսելու է: Մենք պետք է պատրաստ լինենք, նաեւ՝ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հակահարված տալու: Որքան մենք ուժեղ ենք, որեւէ պետություն նման համարձակություն չի ունենա՝ եզրափակեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Կարդացեք նաև

Back to top button