ԿարևորՔաղաքական

Արցախի ինքնավարության վերաբերյալ Ալիեւի հայտարարությունն անհեթեթություն է.Դավիթ Բաբայան

Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այցից հիմնականում գործնական քննարկման ակնկալիքներ ունենք: Անդրադարձ կկատարվի ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին, սահմաններին տիրող իրավիճակին: Հուսով եմ, որ եղանակային պայմանները դժվարություններ չեն առաջացնի, եւ այցը կկայանա»,-ասել է Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւի վարչակազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի նախաշեմին հերթական քննադատությունն է հնչեցրել միջնորդների հասցեին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն միջնորդներից եւ միջազգային հանրությունից հստակ քայլեր է պահանջում հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները մինչեւ հիմա հակամարտության կարգավորման գործում առաջընթացի չեն հանգեցրել»,- ասել է Մամեդովը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակն այսօր մեկնաբանել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Տեղեկացնենք՝ Ալիևը, Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է, թե, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է փոխզիջում, տարածաշրջանը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն»։ «Խելամիտ փոխզիջում հնարավոր է, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովում, ինքնակառավարում, տարբեր ներդրումային նախագծերի իրականացում Ադրբեջանի կողմից։ Եվ երկու ժողովուրդների խաղաղ համագործակցություն՝ պայմանով, որ ինքնավար ԼՂ-ի սահմաններից դուրս տարածքները կազատագրվեն։ Այսպիսին ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է Իլհամ Ալիևը:

«Սա եւս Արդբեջանի նախագահի հերթական սադրիչ հայտարարությունն է, որովհետեւ սա փոխզիջում չէ, դա վերադարձ է անցյալին, եւ հետեւելով Ալիեւի տրամաբանությանը Ալիեւը պետք է հրաժարվի իր անկախությունից եւ դառնա գաղութ, ավելին՝ համակերտրոնացման ճամբար Ադրբեջանի կազմում: Սա անհեթեթություն է եւ չի կարող ընդունվել որպես լուրջ մոտեցում»,- ասել է Դավիթ Բաբայանը:

«Սա այլևս անցած ճանապարհ է ու հիշեցրեց, որ եթե ամիսներ առաջ Ալիևը հայտնում էր, որ պետք է ոչնչացնեն Ղարաբաղը, հիմա խոսում ԼՂ-ին ինքնավարություն տալու մասին։ Միգուցե մի քանի ամիս հետո կարող է գալ այն եզրակացության, որ ճանաչի Արցախի անկախությունը, ինչը կլինի ճիշտ գաղափար: Եթե նա իսկապես մտահոգված է իր պետության ճակատագրով, թող ինքնավարության կարգավիճակ տրամադրի լեզգիներին, թալիշներին, բազմաթիվ ազգերի, որոնք Ադրբեջանում ապրում են համակենտրոնացման ճամբարում բնակվողների կարգավիճակում»,- ասել է Դավիթ Բաբայանը, հավելելով՝ որքան շուտ անի Ալիևը սա, այնքան լավ, քանի որ վաղ թե ուշ նման ազգային-ազատագրական պայքարներ սկսվելու են:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան

 

Կարդացեք նաև

Back to top button