Հասարակություն

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու սիրիահայերին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ ի աջակության հետ կապված հարցեր:

Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը, ինչպես նաև քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրահայ ընտանիքներին ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:
Ք․ Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Քննարկման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրահայ փախստականներին օժանդակելուն, ինչպես նաև  երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը:
Back to top button