

Քաղաքական ու վերլուծական շրջանակները շարունակում են քննարկել նախորդ շաբաթվա գլխավոր իրադարձության՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանի արդյունքները: Գնահատականները միանշանակ չեն: Կա տեսակետ, որ համաժողովը շրջանցեց մի քանի կարևոր հարցեր, մասնավորապես կազմակերպության անդամ երկրների ղեկավարները չկարողացան համաձայնության գալ գլխավոր քարտուղարի թեկնածության, նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ համատեղ հայտարարության հարցերում: Կա նաև տեսակետ, որ երևանյան նիստի օրակարգում ռազմավարական նշանակության հարցեր էին: Ինչպես են ամփոփում երևանյան նիստի արդյունքները խորհրդարանում և որ որոշումներն են կարևորում։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը համաձայն չէ այն տեսակետին , թե ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովն ավելի շատ հիասթափությունների, քան սպասելիքների արդարացման համաժողով էր: Կարծում է, որ այդ հիասթափություններն ընդգծելու հարցում լուրջ դերակատարում ստանձնեցին հատկապես ռուսական լրատվամիջոցները, որոնք քննարկման հատուկ թեմա դարձրեցին թե գագաթաժողովի՝ Երևանում անցկացման հանգամանքը, թե այն , որ մի շարք հարցերում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները չկարողացան պայմանավորվածություններ ձեռք բերել: «Մի կողմից՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փորձում են ամեն կերպ բարձրացնել կառույցի հեղինակությունը, մյուս կողմից էլ, տարօրինակ, բայց այդ երկրների մամուլը նույն ինտենսիվությամբ և ջանքերով փորձում է ստվերել կառույցի հեղինակությունը»:
Արտակ Զաքարյանը կարծում է, որ երևանյան համաժողովի ընթացքում քննարկվեցին այն բոլոր հիմնական հարցերը, որոնք պետք է քննարկվեին: Իսկ այն, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար թեկնածության կամ Լեռնային Ղարաբաղի շուրջ համատեղ հայտարարություն հրապարակելու հարցերում, ըստ պատգամավորի արտառոց չէ: «Միջազգային հարաբերությունների պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ որոշ հարցեր տեղափոխվում են կամ դրանց քննարկումը հետաձգվում է: Սա այս դեպքերից մեկն էր»:
Ընդհանուր առմամբ՝ Զաքարյանը կարծում է, որ երևանյան գագաթաժողովի ընթացքում քննարկված խնդիրներն ու օրակարգը ռազմավարական նշանակության էին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Երեւանում ընդունեց կազմակերպության գործունեության մինչեւ 2025 թվականի ռազմավարությունը, որն ամրագրում է առաջիկա տասնամյակի համար կազմակերպության առաջնահերթությունները : Ի դեպ այս փաստաթուղթը բավական երկար է քննարկվել և հենց Երևանում հաջողվեց այն ստորագրել: Խաչատուր Քոքոբելյանին սակայն մտահոգում է այն առաջարկը, որ հնչել է ռուսական դիվանագիտական շրջանակներից: ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտարարել է, որ ռուսական կողմը ռազմավարական փաստաթղթում ուզում է ընդգրկել արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի հակահրթիռային անվտանգության համակարգերը սպառնալիք համարելու կետը: «Սա կնշանակի, որ ՀԱՊԿ-ը թիրախավորում է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ հակահրթիռային անվտանգության համակարգերը: Սա կնշանակի, որ հակադրության մեջ են մտնում ՀՀ, ՆԱՏՕ, ԱՄՆ շահերը, իսկ դա այդպես չէ»:
Քոքոբելյանի համար մտահոգիչ մյուս կետը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը. կազմակերպության անդամ երկրներն այս անգամ էլ ձեռնպահ մնացին ընդհանուր հայտարարություն հրապարակելուց: ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ի պատասխան բոլոր մտահոգությունների հիշեցնում է՝ Հայաստանն իր անվտանգության համակարգն ու դրա զարգացման հեռանկարները կապում է ՀԱՊԿ շրջանակների, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման հետ: «Ամեն կերպ շարունակելու ենք այն քաղաքականությունը, որը մեզ հնարավորություն է տալիս հավասարակշռել բոլոր շահերը ՝ առանց դրանք հակադրելու»:
Կա՞ արդյոք անհրաժեշտություն վերապահումներ առաջ քաշելու ռազմավարական ծրագրի վերաբերյալ. հարցը Արտակ Զաքարյանի կարծիքով այս պահին ժամանակավրեպ է քննարկելը: Իսկ տեսականորեն ոչ մի փաստաթուղթ կարծրացած չէ ու խմբագրելու հնարավորություն ունի:




