Քաղաքական

Թուրքիան տեղ չունի և պետք է հեռու պահվի ԼՂ բանակցային գործընթացից․ Շավարշ Քոչարյան

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքը ՌԴ արտագործնախարար Սերգեյ Լովրովի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում արված հայտարարությանը, NEWS.am-ի հետ զրույցում ասել է.

«Հոկտեմբերի 14-ին Երեւանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա։

ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյի Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը:

Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

Back to top button