

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի, որն ինտենսիվ կերպով կարտահայտվի մասնավորապես Տավուշում եւ Լոռիում. ջերմաստիճանը կնվազի մինչև 15- 17 աստիճանով։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է՝ Հայաստանում ձմեռները լինում են ծայրահեղ տարբեր: Ինչպիսին կլինի այս ձմեռը, օդերեւութաբանները դեռ կանխատեսումներ անել չեն կարող, վաղ է, բայց այս օրերի կանխատեսումները հստակ են՝ հանրապետությունում սպասվում է ձյուն աշնան կեսին։
Վերջին տարիների օդերևութաբանական կանխատեսումներն ու բնութագրերը գնալով ավելի հակասական են դառնում: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է՝ Հայաստանում ձմեռները լինում են ծայրահեղ տարբեր: Ինչպիսին կլինի այս ձմեռը՝ օդերևութաբանները դեռ կանխատեսումներ անել չեն կարող, վաղ է, բայց այս օրերի կանխատեսումները հստակ են՝ հանրապետությունում սպասվում է ձյուն աշնան կեսին:
Հոկտեմբերի 17—20- ը ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում: Դա ինտենսիվ կերպով կարտահայտվի մասնավորապես Տավուշում եւ Լոռիում: Այս մարզերում ջերմաստիճանը կնվազի միանգամից 15-17 աստիճանով: Հանրապետության մյուս մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: «Պայմանավորված ջերմաստիճանի նվազմամբ` այդ օրերին սպասվում է ձյուն, ճանապարհներին մերկասառույց»,- տեղեկացնում և զգուշացնում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Արևմտյան Սիբիրից, մասնավորապես՝ Ուրալի տարածքից, դեպի Հայաստանի տարածք է շարժվում արկտիկական ճակատ, որը մեր երկիր կհասնի հոկտեմբերի 17-ին: Առատ տեղումներ կլինեն Սյունիքում, Վայոց ձորում եւ Արցախում, վաղը երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի, իսկ հոկտեմբերի 17-ին արկտիկական ճակատը կներթափանցի մեր երկիր եւ կգործի մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 17-ից 19-ը հանրապետության տարածքում կլինեն տեղումներ ձյան տեսքով: Ձյուն կտեղա Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Սյունիքում եւ Արցախում: Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 15-17 աստիճանով: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզեր եւ Արցախ ուղևորվող վարորդները հոկտեմբերի 17-19 ընկած ժամանակահատվածում հարկավոր է երթևեկեն ձմեռային անվադողերով»:
Բայց աշունը դեռ ավարտված համարել չի կարելի, ձմեռն էլ դեռ լիովին իր իրավունքների մեջ չի մտնում: Համեմատաբար տաք եղանակները դեռ վերադառնալու են: Հոկտեմբերի 20-ից Արևմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետություն հասած ցուրտ հոսանքները կտեղափոխվեն այլ ուղղությամբ, և ջերմաստիճանը կբարձրանա՝ 4-6 աստիճանով: Նոյեմբերին եղանակը տեղումնառատ կլինի, իսկ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետը նշում է՝ թեև կլինեն փոփոխություններ, բայց դրանք նորմայից չեն շեղվի։ Նոյեմբեր ամիսը կլինի այնպես, ինչպես եղել է տարիներ շարունակ, եկող ամիս եղանակի կտրուկ շեղումներ չեն սպասվում:
Սուրենյանն անդրադարձավ նաև վերջին 15 օրերին հանրապետության տարածքի եղանակային դիտարկումներին: «Հոկտեմբեր ամսին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, իսկ տեղումները նորմայից պակաս էին»,- ասաց, ապա հավելեց՝ սեպտեմբերի 25-ից մինչ օրս մեր երկիրը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում եւ կարելի է ասել, որ երկրի ողջ տարածքում դիտվել է բարձր, իսկ առանձին օրերին անոմալ բարձր ջերմային ֆոն: Իսկ տեղումների պակասը, ըստ Սուրենյանի, կարող է ունենալ իր բացասական ազդեցությունը աշնանացանի վրա, քանի որ հողում պետք են բավականաչափ ջրի պաշարներ:




