Հասարակություն

Այս տարի տասը ընկերություն ընդհանրապես խաղող չի մթերել՝ ասում է գինեգործը

hasmikdilanyan

Հանրապետությունում  խաղողի մթերումը մոտենում  է ավարտին: Այս  տարի նախորդ տարվա համեմատ  բերքն ավելի քիչ էր, լարվածությունը՝ նույնպես: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տեղեկացմամբ՝ մթերումների դիմաց նախորդ տարվա կուտակված պարտքեր դեռ կան։ Հարությունյանը նշել է, որ այս տարի տասը  վերամշակող ընկերություն  ընդհանրապես խաղող չի մթերել՝ շրջանառու միջոցների  բացակայության պատճառով, մյուսներն էլ մթերել  են՝ կրկին պարտքով :  Վերամշակող գործարանները անցյալ տարվանից գյուղացիներին դեռ պարտք են մոտ 650 մլն դրամ:

 

Անցյալ տարվա խաղողի աննախադեպ  բերքն իսկական քննություն էր  թե գյուղացու, թե մթերող ընկերությունների համար: Հետևելով մթերման գործընթացի զարգացումներին՝ կարելի է  արձանագրել՝ քննությունը չհանձնվեց: Գյուղացին  բողոքի ձայնն էլ  տեղ հասցրեց՝ միջպետական մայրուղիները փակելով, խաղողը մթերեց ։ Սակայն մթերող ընկերությունները թեեւ հնարավորություն չունեին, սակայն նրանց պարզապես ստիպեցին մթերել գյուղացու ողջ  բերքը: 2016 թվականի մթերումն արդեն ավարտվում է, սակայն 2015-ի պարտքերը դեռ մարված չեն:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջին իսկ հանդիպումն էլ   ոչ թե դաշտում աշխատող գյուղացու, այլ՝  բողոքի ակցիայի մասնակից աղավնաձորցիների հետ էր։ Քաղցրաշենի ու Այգեզարդի բնակիչներին չվճարված պարտքը երկու օր առաջ կառավարության շենք էր բերել։ «էս մի տարի ա, որ մեր խաղողի փողը չեն տալիս: Էսօր էլ ասինք թազա  վարչապետ ա, եկանք գոնե մի բան անի»,- ասում էին նրանք։

Շուրջ 650 մլն դրամ. այսքան  գումար դեռ վերամշակող ընկերւոթյունները պարտք են գյուղացիներին: Նրանք իրենց դժվարություններից են խոսում, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նույն այդ  ընկերություններում ժանգոտած կառավարման համակարգից է դժգոհ: «Համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չի, բայց այս պահին մենք որոշակի կերպով   նոր մշակույթ պետք է ներգրավենք: Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք բավականին, ինձ թվում է, ժանգոտած կառավարման համակարգ»։

Խաղողի մթերումն այս տարին մոտենում է  ավարտին: Այս աշնանը      գյուղացին խաղող մթերելու համար ճանապարհ չփակեց, քանի որ բերքի ծավալներն էին քիչ:  Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի փոխանցմամբ, մինչ այժմ մթերվել է  շուրջ 105 հազար տոննա խաղող, գինը՝ 115-120 դրամով: «Լարվածությունը թուլացել է,  աստիճանաբար, կամաց-կամաց դուրս ենք գալիս ճգնաժամից»,- ասում է  Ավագ Հարությունյանը: -Այս տարի տասը ընկերություն  ընդհանրապես խաղող չի մթերել՝ շրջանառու միջոցների  բացակայության պատճառով, մյուսներն էլ մթերել  են՝ կրկին պարտքով»։

Հայկական  հատկապես փոքր  ընկերությունները  հիմնականում արտահանման հետ կապված դժվարությունների առջև են կանգնում: Օրերս Մոսկվայում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ռուս գործընկերների հետ քննարկել էր հայկական արտադրանքը մեկ միասնական բրենդով Հայաստանից արտահանելու հարցը:  «Մեր հայ արտադրողներին կոնսոլիդացման համաձայնություն է պետք, եթե նրանք համաձայնվեն՝ մենք պատրաստ ենք շարունակել այդ քննարկումները»,- վերադառնալուց հետո ասաց նորանշանակ նախարարը։

Գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանի փոխանցմամբ, հատկապես փոքր ընկերությունները կողմ են միասնական բրենդով արտահանելու գաղափարին։ Դրան մասամբ կողմ են նաև խոշոր ընկերությունները՝ բացառությամբ Երևանի կոնյակի գործարանի: Ավագ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի ճանապարհը սա չէ։ «Դա Հայաստանն ավելի կթուլացնի։ Ընդհանուր բրենդ նշանակում է էժան ապրանք: Հայաստանի ճանապարհն էժան ապրանքի մեջ չի: Ընդհանուր մի բան կսահմանեն, կտանեն ամենաէժան գնով անդեմ մի բան կառաջարկեն, և մենք կլուծենք այսօրվա տնտեսական այս ցավոտ խնդիրները, բայց առաջ չենք նայի»։

Գինեգործը կարծում է, որ խնդիրների լուծման համար հայեցակարգային մոտեցումներ են անհրաժեշտ, կառավարությունը պետք է գյուղացուն  կարողանա ճիշտ ուղղորդել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:  Այս կառավարության մոտեցումներն Ավագ Հարությունյանին պարզ կլինեն, երբ գործունեության ծրագիրը կներկայացվի:

Back to top button