Հասարակություն

Վթարված ավտոբուսը գրանցված է եղել զոհված վարորդի որդու անունով. մանրամասներ Մոսկվա- Երեւան երթուղու վթարից

karenghazaryan

Երեկ առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ- Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել էր «Սկանիա» բեռնատար ավտոքարշակին: Ավտովթարից տուժել էր 27 մարդ, մահացել էր 5-ը, այդ թվումч վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ազգությամբ ռուս ՌԴ քաղաքացիներ: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ փոխանցել է ողբերգական վթարի հետ կապված վերջին տվյալները: Նա նշել է, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի էր տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով երեկ տեղափոխվել են Երեւան:

 

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԻ նախարարի հրամանով համապատասխան մասնագետներից կազմված օպերատիվ խումբ է ստեղծվել՝ դիմավորելու վթարից տուժածներին եւ զոհված վարորդ Յուրիկ Պողոսյանի մարմինը: ՌԴ ԱԻՆ օդանավը երեկ ժամը 19.15-ին վայրէջք է կատարել Երեւանում, որից հետո օպերատիվ խումբն անցել է աշխատանքի: 11 քաղաքացի տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրանցից 10-ը դուրս է գրվել համապատասխան զննություն անցնելուց եւ օգնություն ստանալուց հետո:

Մոսկվայից Երեւան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաեւ շտապբուժոգնության բրիգադներն են եղել: Տուժածների տեղափոխումը եւ բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության եւ նախարարի ուշադրության ներքո էր` այսօր հայտնել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նա տեղեկացրել է, որ Մոսկվայից Երեւան վերադարձող ավտոբուսի վթարից բոլոր տուժածներն արդեն դուրս են գրվել: Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ, ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 4 քաղաքացի, որոնց վիճակը համեմատաբար ծանր է, շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցում: Նրանք են՝ 1949 թ.-ին ծնված Ժասմենա Հարությունյանը, 1990 թ.-ին ծնված Սմբատ Պողոսյանը, 1949 թ.-ն ծնված Հրանտ Բաղդասարյանն ու 1984 թ.-ին ծնված Ավագ Ծատինյանը։

Մոսկվայից Երեւան վերադարձող ավտոբուսի վթարի հանգամանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության այս պահին ԱԻՆ-ը չի տիրապետում: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանն ասաց միայն՝ հաջողվել է պարզել, որ ավտոբուսը զոհված վարորդի որդու անունով է գրանցված: «Մենք պարզել ենք միայն, որ ավտոբուսը պատկանել է Արեն Պողոսյանին եւ գործում էր մասնավոր հիմունքներով»։

Հարուցված է քրեական գործ՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան, ՌԴ իրավապահ մարմինները զբաղվում են խնդրով: Արման Ցոլոկյանն ասաց, որ իրենք օպերատիվ կապի մեջ են ՌԴ գործընկերների հետ եւ նոր տեղեկությունները կտեղադրվեն նախարարության կայքում: ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը շեշտեց նաեւ, որ երկու երկրների ԱԻ գերատեսչությունների միջեւ առկա է ամենօրյա համագործակցություն՝ շուրջօրյա ռեժիմով:

Back to top button