Հասարակություն

Շաքին, շաքեցին ու Շաքիի օր օրի ցամաքող ջրվեժը

alisagevorgyan

Սյունիքի մարզի Շաքի համայնքում աշխատատեղերի խնդիրն այսօր նույնքան ցավոտ է, որքան հանրապետության համայնքների մեծ մասում: <<Աշխատանք չկա: Հողի հետ ենք կռիվ տալիս, բայց արդյունքը չենք տեսնում>>,-<<Ռադիոլուր>> հետ զրույցում դժգոհել են համայնքի բնակիչները: Սակայն  համայնքի առաջնային խնդիրների ցանկում  նրանք առանձնացնում են  ոռոգման ջրի ու օր օրի ցամաքող Շաքիի ջրվեժի խնդիրը:

 

shaki04<<Գյուղում աշխատատեղ չկա, գյուղացին ապրում է իր ստեղծած բարիքով, բայց այդ բարիքն էլ գին չունի: Ցորենն ու կարտոֆիլն այս տարի անգամ 80 դրամով չեն տանում: Գյուղատնտեսական ապրանքներից բացի այսօր ամեն ինչ թանկ է: Գյուղացու աշխատանքն է, որ արժեք չունի>>,- Սյունիքի մարզի Շաքի համայնք կատարած մեր այցի ընթացքում <<Ռադիոլուրին>> իր դժգոհություններն է փոխանցում համայնքի  բնակիչ Կամո Ստեփանյանը: Ասում է, որ տարածաշրջանի մյուս համայնքների համեմատ, թերևս, ավելի քիչ, բայց Շաքիից էլ մեծ թվով արտագնա աշխատանքի մեկնողներ կան: Հիմնական ուղղությունը , իհարկե, Ռուսաստանն է։

shaki02Կամո Ստեփանյանն ինքն էլ արտագնա աշխատանքի հարուստ փորձ ունի: <<Ռուսաստանում աշխատանքը վատ չէր: Լավ էլ վճարում էին, բայց ավելի լավ է քիչ Հայաստանում, քան՝ շատ Ռուսաստանում: Խնդիրն այն է, որ այդ քիչն էլ գտնելն այստեղ դժվար է>>,- ասում է:

Հինգ զավակ, տասը թոռ. օտարությունից հոգնած Կամո Ստեփանյանն ուզում է նրանց կողքին լինել, վայելել ընտանեկան ջերմությունը, միաժամանակ՝ լավ է հասկանում նրանց, ովքեր ստիպված են զրկել իրենց այդ ամենից: Հատկապես ցավում է, երբ երիտասարդ ընտանիքն է բաժանվում: Ամուսինը գնում է ու չգիտես ՝ ո՞ւմ կհանդիպի, ի՞նչ կլինի,  կպահպանվի՞ այդ ընտանիքը, թե՞ ոչ: Ընտանիքի փլուզման վտանգը չափազանց  մեծ է>>,-ասում է զրուցակիցս։

shakiՇաքիի բնակիչ Լուսիկ Աղաջանյանի դժգոհությունն էլ նույնն է՝ աշխատատեղերի բացակայություն: <<Հողի հետ ամբողջ օրը կռիվ ենք տալիս, բայց արդյուք չկա>>,-ասում է։

300 տնտեսություն ունեցող  Շաքիի համայնքապետ  Վահան Ղազարյանն նշեց, որ համայնքից ոչ միայն Ռուսաստան, այլև Երևան ու Լեռնային Ղարաբաղ են մեկնում աշխատելու, հիմնականում ՝ շինարարությամբ զբաղվելու: <<Աշխատանքի խնդիրը բարդ է, բայց ոչ սարսափելի>>,-համայնքապետի ձևակերպումն է: Որպես համայնքի առաջնային խնդիր նa առանձնացնում է ոռոգման ջրի ու օր օրի ցամաքող Շաքիի ջրվեժի խնդիրը։

Շաքիի ջրվեժը ոչ միայն Սյունիքի, այլև հայկական լեռնաշխարհի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկն է, որն իր շքեղությամբ  հիացնում էր Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: Ցամաքող Շաքիի խնդիրը բարձրացվել է բազմիցս, բայց ջրվեժն առայժմ նույն անհետացման վտանգի տակ է : Ըստ բնապահպանների՝ ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չկա:

Back to top button