Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։
Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին:
«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ և անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին և ազդում են մեր երկրների անվտանգության հարցերի վրա, պրոեկտվում և դրսևորվում են տարածաշրջանային մակարդակներում և ոչ միայն: Իհարկե, խոսել ենք նաև այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ և առաջ նկատի ունեմ ահաբեկչության և բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որևէ արդարացում:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Երևանյան նստաշրջանն ամփոփում է Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ-ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ: Աշխատանքն ուղղված է եղել Կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից և խնդիրներից, որոնք սահմանված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25-ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,-ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: