ԿարևորՔաղաքական

Վարչապետի հանձնարարություններն ու բջջային հեռախոս ԱԳ փոխնախարարին. կառավարության նիստում

տեղադրվել է ժամը 11։43- ին
լրացվել է ժամը 16։57- ին

hasmikdilanyan

Չնայած արդեն տասը օր է, ինչ կառավարության կազմն ամբողջովին ձևավորված է, այդուհանդերձ, առընթեր մարմինների ղեկավարների փոփոխությունները շարունակվում են:  Վերջին օրերին նոր ղեկավարներ ունեցան Պետեկամուտների ու Ջրային տնտեսության կոմիտեները: Այսօր նրանց նախագահներն առաջին անգամ ի պաշտոնե մասնակցել են  կառավարության նիստին:

 

Արդեն որերորդ նիստն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այն շնորհավորանքով է սկսում։ Այսօրն էլ բացառություն չէր: Կառավարության այս նիստում նորեկը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Չխախտվեց նաև  նախարարներին հանձնարարություններ տալու ավանդույթը: Այս անգամ երեք ոլորտ էր առանձնացվել՝ սոցիալական պաշտպանությանը, որտեղ ժամանակակից ՏՏ հնարավորություններն օգտագործելով ծառայությունները պետք է ավելի հասանելի դարձնել։ «Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, առաջինը առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ: երկրորդ՝ համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել, որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի կարծում, որ նման հանձնարարության պատճառը մինչ եղած կոռուպցիոն ռիսկերն են:

Կրթության ոլորտի պատասխանատուները նույնպես  հանձնարարական ստացան:  ԿԳ նախարարությունը, մարզպետն ու Երևանի քաղաքապետը յոթնօրյա ժամկետում առաջարկություններ կներկայացնեն՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթները բացառելու նպատակով։«Թե ինչի մասին է խոսքը՝ բոլորդ շատ լավ հասկանում եք։ Մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում: Պետք է տարբերակել, թե որ դեպքում է օբյեկտիվ, որ դեպքում՝ սուբյեկտիվ»,- ասաց վարչապետը։

Սպորտ՝ երրորդ ոլորտը, որն առանձնացրել էր վարչապետը: Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը տասնօրյա ժամկետում պետք է ուսումնասիրի մարզական ՀԿ-ներին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումների համար պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը և կրճատի անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը: «Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Հանրապետության վարչապետը տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք աշխատել են ՊԵԿ-ի հետ, արդյո՞ք ձևավորել են համակարգ, որտեղից հնարավոր կլինի օգտվել ու պարզել՝  թե  հարկային ինչ արտոնություններ են տրամադրվել, քանի ընկերության  ու  ինչպես են դրանք կատարվում: Տարասյանը նշեց, որ կառավարության անհրաժեշտ որոշման նախագիծ է պատրաստվում։

Օրակարգում ընդգրկված չորս տասնյակ հարցերից երկուսը հանվել էր մինչեւ նիստի մեկնարկը: Հոկտեմբերի 17-ին ժամը 12-ին կառավարության  առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարի: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր եւս մեկ բջջային հեռախոս տրամադրել նախարարությանը։ Բջջային հեռախոսը, ըստ նախագծի, նախատեսված է ԱԳ նախարարի առաջին տեղակալի համար։ Նոր հեռախոսի պահանջարկը Շավարշ Քոչարյանը բացատրեց ԱԳ փոխնախարարի որ հաստիքի ավելացմամբ։ Վարչապետ Կարեն Կարապետյանին այս հայտարարությունը զարմացրեց: Նա դիմեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, Այստեղ էլ պարզվեց՝ օրենսդրական մեծ փոփոխություններ պահանջող հարցեր էլ կան: Կարեն Կարապետյանն առաջարկեց նմանատիպ հարցերն անգամ նախարարարական կոմիտեներում չքննարկել:

Կարդացեք նաև

Back to top button