
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում որակազրկել է Հայաստանի ներկայացրած «Երկրաշարժ» ֆիլմը՝ գրել է The Hollywood Reporter— ը։
«Հանձնաժողովը որոշեց, որ «Երկրաշարժ» ֆիլմը չի համապատասխանում ներկայացված պահանջներին»,- հայտարարել է Ակադեմիայի կինոարվեստի և գիտությունների բաժնի մամուլի քարտուղարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ընտրական հանձնաժողովը տեղեկացվել է որոշման մասին և նրանց հնարավորություն է տրվել ներկայացնել մեկ այլ ֆիլմ:
«Երկրաշարժ» ֆիլմի ֆեյսբուքյան էջում այսօր ոչ կոռեկտ են որակել որոշ ԶԼՄ- ներում կինոնկարի որակազրկման մասին լուրերը՝ մեջբերելով Ակադեմիայի պաշտոնական պատճառաբանությունը։ «Առարկության էությունն այն է, որ ֆիլմի ստեղծագործական խմբում չափազանց շատ են ռուսները եւ բավարար հայեր չկան «Օսկարի» առաջադրման համար»,- նշված է կինոնկարի ֆեյսբուքյան էջում (մանրամասները՝ այստեղ)։
Հիշեցնենք, որ «Երկրաշարժ» ֆիլմը 1988 թվականին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին է, ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը:




