

Ոչ թե հետընտրական, այլ արդեն նախընտրական փուլում ենք մենք այսօր գտնվում, իսկ այս ՏԻՄ ընտրություններում մի հետաքրքիր տենդենց ի հայտ եկավ՝ սկսեցին գնել ոչ թե ընտրողներին, այլ ընտրվողներին: «Զարգացումներ ներքաղաքական կյանքում ՏԻՄ ընտրություններից հետո. քաղաքագետների անդրադարձը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Իսկ քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նշել է,որ ընտրախախտումները կախված են լինելու իրավիճակից, երբ այն մրցակցային է, կամ իշխանությունը չի կարողանում ձայներ ապահովել, ընտրախախտումների բոլոր ձևերը կբերվեն դաշտ:
Բիրտ ուժ, լցոնումներ, արդյունքներ «նկարել», քվեներ գողանալ. այս գործոններ տարիներ շարունակ հայաստանյան ընտրական գործընթացների անբաժանելի մասն են կազմել: Սակայն քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ասում է, որ նմանատիպ ընտրախախտումների տեխնոլոգիաների առումով այսօր դաշտը բավականին մաքրվել է: Բայց ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ: Այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ըստ նրա, սկսեցին գնել ոչ թե ընտրողներին, այլ ընտրվողներին:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը որոշ առումներով համաձայն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ, ասում է, որ թեև լցոնումներ չեն եղել, լույս չեն անջատել, բայց դա չի նշանակում, որ հայաստանյան պրակտիկայից դա կարող ենք արդեն վերացված համարել։ Քաղաքագետը պարզապես համեմատականներ է անցկացնում ու ասում, որ 2012-2013 թվականների ընտրությունները քիչ ավելի հանգիստ էր, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Բայց երբ իշխանությունը տեսնում է, որ իր համար ձայներ չի կարողանում ապահովել, ընտրախախտումները սկսում է դաշտ բերել:
Բանախոսները չեն բացառում, որ մինչև 2017 թ ընտրությունները ի հայտ կգան նոր կուսակցություններ, դաշինքներ կստեղծվեն ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ընդդիմությունն ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերի։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասում է, որ այս պահին իշխանությունը կոնսոլիդացված է, ներսում լուրջ խնդիրներ չկան, բայց կա հնարավորություն, եթե ընդդիմությունը միավորվի: Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշում է, որ մինչ ընտրությունները տարբեր կուսակցություններ, գործիչներ անդես կգան շեղող հայտարարություններով, ու այդպիսի հայտարարությունների շարքին արդեն կարող է դասվել Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունները: Հիշեցենք, որ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ու հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ Ավելին՝ հայտարարեց, որ եթե իր հետ մի բան պատահի, ապա Սերժ Սարգսյանն է մեղավոր:
«Ինչ-որ մարդկանց անձնական ամբիցիաներն օգտագործվելով՝ շեղում են: Այսինքն՝ շատ դեպքերում մարդիկ, որոնք ունեն անհասկանալի ու հիվանդ ամբիցիաներ, դառնում են խաղալիքներ: Իշխանությունը, քցելով այդ մարդկանց դաշտ, զբաղեցնում է: Մենք, ճիշտ է, տեսել ենք, թե ինչպես են ճանապարհ դնում ու հետո ինչպես են դիմավորում Կարեն Դեմիրճյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, ՕԵԿ-ին, հետո ինչ ձայներ է հավաքում ՕԵԿ-ը»:
Արդեն անդրադառնալով մեկ այլ հայտարարության, մասնավորապես ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցությանը Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվող ուժին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ չնայած մեր հասարակությունը սերիալներ սիրում է, բայց չի կարող պատկերացնել Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում:




