Հասարակություն

Մեկ խնդիր՝ տարբեր ճակատագրեր

arminegevorgyan
Մենք այնքան հարուստ երկիր ենք, որ 20 տարի ծախսում ենք մեկ բժիշկ կրթելու համար՝ դպրոց, համալսարան, ու հետո այդ մասնագետին անվճար նվիրում այլ երկրի: «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասում է  «Մարդը կարիքի մեջ» ՀԿ Հայաստանի ներկայացուցչության միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: «Ռադիոլուրը»  զրուցել է նաև աշխատանքային միգրանտների, ու արդեն վերադարձած և օտար երկրում չհաստատված մեր հայրենակիցների հետ:

 

Խորհրդային ժամանակաշրջանում  Գագրան միության լավագույն առողջարաններից էր։ Տեղաբնակ հայերը նշում են, որ հանգստացողները հիմնականում գալիս են ՌԴ-ից: Հայաստանից այստեղ հանգստացող շատ քիչ է գալիս, բայց մենք հայաստանցի հայերի պակաս չենք զգում՝ «Ռադիոլուր» -ին պատմում է  Լուսինար Գրիգորյանը։ Նա արդեն 40 տարի ապրում է Գագրայում:

Սկզբում չհասկացա տիկին Լուսինարի ասածը, բայց արդեն 3-րդ օրը  ամեն ինչ պարզ էր, հայերը մեկնում են Գագրա աշխատելու, ու նրանց հիմնական մասը կանայք են:   Գյումրեցի Ալվարդ Առաքելյանն արդեն 6 տարի է գարնանը՝ մայիս ամսին, մեկնում է Գագրա և հոկտեմբերին, երբեմն ավելի ուշ,  վերադառնում հայրենիք։ Ծովափում եգիպտացորեն, քաղցրավենիք և գարեջուր է վաճառում:

«Առավոտյան ժամը 8-ից մինչև երեկո ծանր բեռները ուսերիս քայլում եմ ծովի երկայնքով ու գովազդելով վաճառում ապրանքս: Շատ հաճախ ձայնիս  տոնայնությունից է կախված` ապրանքը այդ օրը լավ կվաճառվի, թե ոչ»,-պատմում է Ալվարդն ու ավելացնում` «որքան ձայնը ուժեղ, հզոր ու համոզիչ լինի, հաճախորդներն այնքան շատ ապրանք կգնեն»:

Ալվարդը պատմում է, որ այս գործի մասին իմացել է պատահաբար: «Երբ առաջին տարին եկա ու հաջորդ առավոտյան մոտ 20 կգ պայուսակս առա, գնացի ծով, ասեցի՝ ես հաստատ երկար չեմ մնա այստեղ, բայց քանի որ Հայաստանից եկել էի, թասիբի հարց էր, մեռնեի էլ, պիտի մնայի ու աշխատեի»:

Ալվարդի ուսապարկում է մի քանի շիշ գարեջուր է, քաղցրավենիք, չորացած ձկներ, մի ձեռքին էլ 10 լիտրանոց  դույլ, որի մեջ տաք եգիպտացորեն է, իսկ մյուս ձեռքում` արկղ, որի մեջ շարված է խմորեղենի տեսականին:

Մինչ խոսում էի Ալվարդի հետ, մեզ մոտեցավ մեկ այլ վաճառողուհի: Նա էլ էր Հայաստանից: Պարզվեց՝ ծովափում աշխատում են միայն Հայաստանից գնացած հայերը, այն էլ` կանայք: «Սա էլ մեր խոպանն է»՝ կես կատակ կես լուրջ ասում է Անահիտը, ով արդեն 3 տարի է առևտուր է անում ծովափում: Բայց Անահիտը   արտագնա աշխատանքի  եկել է ամուսնու հետ: Ասում է՝ Հայաստանում աշխատանք  չկա, չեն կարողանում ապրել: Ու չնայած այստեղ աշխատանքը ավելի ծանր է և  դժվար, բայց գերադասում են նման կերպ փող վաստակել, քան վերադառնալ։ Անահիտի ամուսինը՝ Աշոտը, պատմում է՝ սեզոնին գարեջուր, չորացած ձուկ, եգիպտացորեն վաճառելով  աշխատում են մոտ 300 հազար ռուբլի: Այդ գումարից  վճարում են տան ու կոմունալ վարձերը, գրանցման համար և  ծովափի փող (վերջինը, այսպես ասած, տարածք նայողի փողն  է):

Մյուս զրուցակիցս՝ Սեդան, Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից է։ Գագրա տեղափոխվել է հիմնական բնակության: Հայրենիքում վաճառել է  տունը, անասունները պահ է տվել հարևաններին ու եկել այստեղ:  Տիկին Սեդան շուկայում միրգ ու բանջարեղեն է վաճառում: Դժգոհ չէ ապրուստից, բայց  արդեն փոշմանել  է, որ եկել է այստեղ: Հիմա առաջին հնարավորություն դեպքում ուզում է վերադառնալ հայրենիք:

Եթե  Սեդան  չի կարողանում  կողմնորոշվել՝ ինչ որոշում կայացնի  հայրենիք վերադառնալու համար, ապա իմ մյուս զրուցակիցն արդեն 6 ամիս է հայրենիքում է։ Հասմիկը Արմավիրի մարզից է: Տարիներ առաջ ամուսնու  հորդորով նրանք արտագաղթել են  Հայաստանից դեպի Գերմանիա՝ վաճառելով ամեն ինչ՝ տուն, ավտոմեքենա, արժեքավոր իրեր: Հասմիկին  հանդիպեցի Երևանում ու պատահաբար։ Ամուսնու բարեկամները համոզել են, որ թողնեն Հայաստանն ու  առաջին հնարավորության դեպքում մեկնեն  Գերմանիա, քանի որ այնտեղ իրենց շատ ապահով ու եկամտաբեր կյանք է սպասվում: Հավատալով նրանց խոստումներին՝  Հասմիկը ամուսնու ու երկու երեխաների հետ մեկնում  է, բայց հասնում են այնտեղ ու սկսվում է նրանց տաժանակիր կյանքը:

Երկու երեխաների մայրը պատմում է, որ դժվարությամբ են  հասել Գերմանիա ու հենց այնտեղ հասկացել, որ իրենց լավ կյանք չի սպասվում, պետք է անցեն մի  շարք փորձությունների միջով:

Հասմիկը ամուսնուն համոզում է, որ րոպե առաջ պետք է վերադառնալ  հայրենիք՝ չնայած նրան, որ այստեղ բնակվելու տեղ չունեն։ Այս պահին նրանք ապրում են Հասմիկի հայրական տանը, ամուսինը շինարարությամբ է զբաղվում, իսկ Հասմիկն էլ երեխա է խնամում:

Աշխատանքային միգրանտի ճանապարհը բռնած իմ զրուցակիցների պատմությունները   տարբեր հանգուցալուծում են  ստանում: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ Հայաստանի ներկայացուցչության միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի հետ «Ռադիլուրի»  հետ զրույցում նշում է, որ մենք այնքան հարուստ երկիր ենք, որ 20 տարի ծախսում ենք մեկ բժիշկ կրթելու համար՝ դպրոց, համալսարան, ու հետո այդ մասնագետին անվճար նվիրում այլ երկրի: Շատ հաճախ միգրացիան հավասարեցնում ենք խոպանին, մինչդեռ լավ գործիքների կիրառման դեպքում աշխատանքային միգրացիան կարող է դառնալ տնտեսության խթանիչ:

Կարդացեք նաև

Back to top button