Քաղաքական

Եկել է իմ քարերը նետելու ժամանակը. Վիկտոր Դալլաքյանի սենսացիոն հայտարարությունները (լրացված)

տեղադրվել է ժամը 12։43- ին
լրացվել է ժամը 18։39- ին

lusinevasilyan

ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդարանում  հանրապետության նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը լքում է lանրապետական կուսակցության շարքերը  ու հայտարարում  ակտիվ քաղաքականություն վերադառնալու  որոշման մասին։ Այսօր Մամուլի ազգային ակումբում Դալլաքյանն ասել է, որ հրաժարական է տալիս նաև զբաղեցրած  պաշտոններից:  Նա մի շարք այլ  ուշագրավ հայտարարություններ է արել, նաև խոսել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

 

ԱԺ նախկին պատգամավոր, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, խորհրդարանում հանրապետության ղեկավարի ներկայացուցիչ  Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրած ասուլիսից առաջ լրատվամիջոցներին սենսացիոն հայտարարություններ էր խոստացել:  Խոստումը կարելի է ասել կատարեց։ «Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ տալիս և դիմում եմ ներկայացրել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից ազատվելու մասին»:

Դալլաքյանը հայտարարեց նաև, որ լքում է նաև հանրապետական կուսակցության շարքերը, ակտիվ քաղաքականություն  է վերադառնում  և  լրջորեն նախապատրաստվում է  առաջիկա խորհրդարանական ընտրություններին:  Այս երեք հայտարարությունները ամփոփեց ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ:

«Այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ ու ընտանիքիս անդամներին բան պատահի, պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է, նաեւ դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»։

2012-ի սեպտեմբերից մինչ այսօր Վիկտոր Դալլաքյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, միաժամանակ Ազգային ժողովում հանրապետության ղեկավարի  մշտական ներկայացուցիչը: Կենսագրության այս հատվածը կամ վերջին 4 տարիների  աշխատանքը նախագահական նստավայրում, ըստ  Դալլաքյանի, խորհրդանշական բնույթ է ունեցել: Ժամանակին խաղի կանոններն ընդունել է, իսկ ավելի ուշ հասկացել, որ առաջարկն  իրեն մեկուսացնելու, քաղաքականությունից հեռացնելու նպատակ է ունեցել:

Ժամանակի ընթացքում հասկացել է նաև, որ մեղմ ասած սխալվել է ՀՀԿ- ին անդամակցելու որոշում կայացնելով: Հիմա, ասում է, եկել է սխալներն ուղղելու ժամանակը: «Ես 4 տարի սպասել եմ, որովհետև կա հետևյալ թևավոր արտահայտությունը՝ կա քարեր  հավաքելու և քարերը նետելու ժամանակը: Եկել է իմ քարերը նետելու ժամանակը»:

Համանման մի հայտարարություն ժամանակին արել էր  ՕԵԿ առաջնորդ   Արթուր Բաղդասարյանը ու դրանից քիչ անց կոալիցիոն համաձայնագիր ստորագրել ՀՀԿ  հետ:  Լրագրողներն այսօր  Դալլաքյանին հիշեցրին այդ դրվագը:   Համեմատությունը, ըստ նրա, հումորի ժանրից է։ «Կարծում եմ` ինձ լսելուց հետո պետք է հումորով ընդունել ինձ նման մարդու հետ համեմատելու փորձերը»:

Դալլաքյանը հումորով է ընդունում նաև այն գնահատականը, որ որպես կեղծ ուժ գործուղվում է ընդդիմադիր դաշտ: «Իմ այսօրվա ելույթից հետո նման գնահատականները ես համարելու եմ հումորի մեծ զգացողության հետեւանք»:

Նոր կուսակցություն Վիկտոր Դալլաքյանը կհիմնի, բայց այն չի կոչվի « Շրջադարձ», ինչպես շրջանառում էին լրատվամիջոցները: Փոխարենը մամուլի մեկ այլ տեղեկություն հնարավոր է, որ իրականության դառնա: Խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Վիկտոր Դալլաքյանի քաղաքական համագործակցության մասին է: «Սեյրան Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ, ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը, եւ կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլինի, որպեսզի նման ռազմական պետական գործիչն անդամակցի իրենց կուսակցությանը»:

Բոլոր մյուս փակագծերը Դալլաքյանը խոստացավ բացել այսօր առաջիկա ամսվա ընթացքում:

 

Back to top button