Հասարակություն

Էջմիածնում տոնեցին քաղաքի 2701- ամյակը

satikisahakyan

Հոգևոր մայրաքաղաքը 2701 տարեկան է: Էջմիածնի տոնի կապակցությամբ ծնունդով արցախցի բարերարների կողմից բացվել է Տիգրան Մեծի արձանը, Կոմիտասի անվան մշակույթի տան հարևանությամբ հիմնվել է նոր զբոսայգի, մի շարք քաղաքացիներ արժանացել են Էջմիածնի պատվավոր քաղաքացի կոչմանը, այդ թվում նաև օլիմպիական չեմպիոններ Միհրան Հարությունյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

 

Էջմիածինն արդեն 2701 տարեկան է:   Հոգևոր մայրաքաղաքի տոնը  նշանավորվում է նորանոր գործերով, որոնք ավելի բարեկարգ ու գեղեցիկ են դարձնում քաղաքը: Էջմիածնի  բնակիչները այն տեսնում և գնահատում են դրական փոփոխությունները: <<Կուզեինք քաղաքը տեսնել ավելի բարեկարգ ու գեղեցիկ, լիներ հեքիաթային>>,- ասում են բնակիչները:

Այս տարի նոր զբոսայգի է հիմնվել Կոմիտասի անվան մշակույթի տան հարակից տարածքում, որն անվանակոչվել է սուրբ Մարիանեի անվամբ: Տոնի նախօրեին բարերար Սառա Եսայանի հովանավորությամբ և Տիգրան Հովհաննիսյանի հեղինակությամբ զինկոմիսարիատի դիմաց   բացվել է նաև Տիգրան Մեծի հուշարձանը:

Էջմիածնի 2701– ամյակի տոնակատարությունը սկսվեց  շքերթով, որին մասնակցում էին քաղաքի կրթության, մշակույթի, սպորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այն մեկնարկեց տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված ու զարգացում ապրած երկաթե նժույգների շքերթով:

Հոկտեմբերին քաղաքի տոնը նշելու պատմությունը կապված է  հայոց այբուբենը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի Էջմիածին մտնելու օրվա հետ: Մաշտոցին քաղաքի դարպասների մոտ դիմավորել են Սահակ Պարթև կաթողիկոսն ու  Վռամշապուհ արքան: Այս թատերականացված տեսարանը անբաժան մասն է Էջմիածնի տոնակատարություններում:

Հրապարակին կից բացված տաղավարներում ցուցադրված էին երեխաների ձեռքի աշխատանքները, կազմակերպվել էին թատերական ներկայացումներ, երգ-պար: Տաղավարներից մեկում գրադարանավարները հյուրասիրության սեղան էին  բացել և ներկայացնում էին նվեր ստացած գրքերը: Քաղաքի տոնակատարությունների շարքը համընկել էր Գրադարանավարի օրվա հետ: Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ մեկ տեղամասի  վարիչ Հրանուշ Գաբրիելյանը նշեց, որ քաղաքապետարանից ստացել են բուհական և գիտահանրամատչելի գրականություն, որոնց պահանջարկը ունեն ընթերցողները:

Այս տարի  քաղաքում տեղադրվել է էներգախնայող լուսադիոդային լամպեր, որոնք զգալիորեն կրճատել են էլեկտրաէներգիայի ծախսերը, խնայված միջոցները կուղղվեն քաղաքի բարեկարգմանը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախորդ տարում պետական բյուջեի միջոցներով կառուցվող մարզական համալիրի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, մի մասնաշենքը գրեթե պատրաստ է և հիմա տանիքն է կառուցվում, ևս մեկ մարզակառույցի հիմքեր էլ դրվել են այս տարի, որն իրականացնում է ֆուտբոլային ակադեմիան:

Քաղաքի տոնակատարությունը շարունակվեց մինչև ուշ երեկո, որն ավարտվեց համերգային մեծ ծրագրով ու հրավառությամբ։

 

Կարդացեք նաև

Back to top button