Հասարակություն

Վերաբնակեցվածները՝ արյունով ազատագրված հողերի մասին

arminegevorgyan

Սուրեն Աբրահամյանի ընտանիքը Բաքվի ջարդերից հետո ապաստան գտավ Շիրակի մարզի Մաստարա գյուղում: Որոշ ժամանակ անց, տեղի ունեցավ 1988 թ ավերիչ երկրաշարժը: Սուրենը «Ռադիոլուր»-ին պատմում է, որ այս անգամ էլ ընտանիքի հետ բռնեց  գաղթի ճանապարհը՝ բնակություն հաստատելով  Աբովյան քաղաքում:  Սակայն երբ Արցախում սկսվեց վերաբնակեցման գործընթացը Աբրահամյանների  ընտանիքը առաջիններից էր, որ բնակություն հաստատեց  Քարվաճառի շրջանի  Եղեգնուտ, նախկին Ղամշլու գյուղում:  Նա այստեղ իրեն շատ ապահով է  զգում: Սոցիալական պայմաններից դժգոհ չէ: Քանի որ  պետությունը ժամանակին տուն, անասուն ու հողատարածք է նվիրաբերել:

Եղեգնուտ  համայնքում  արցախցիները  թվով շատ քիչ  են, այստեղ հիմնականում  վերաբնակվել են Հայաստանից  ու  գերակշիռ մասն էլ Շիրակի մարզից: Մեր զրուցակից Ռիտա Հովհաննիսյանը ընտանիքով 2000 թվականից բնակություն է  հաստատել Եղեգնուտ  գյուղում: Ռիտա Հովհաննիսյանն ասում է, որ պետությունը փոխհատուցում է  էլեկտրաէներգիայի վարձը:  Յուրաքանչյուր անձի համար վճարելով 1200 դրամ: Եթե օրինակ 4 հոգանոց ընտանիք է, ապա 4800 դրամ վճարում է  պետությունը, իսկ եթե այս  նախատեսված չափից  բնակիչը ավել էնէրգիա է օգտագործում, այս դեպքում վճարում է  բնակիչը: Ռիտա  Հովհաննիսյանը նշում է, որ Արցախ տեղափոխվելու որոշման մեջ չի սխալվել:  Նրա  հետ համակարծիք էին նաև Եղեգնուտ տեղափոխված այլ բնակիչներ:

Երբ սահմանում ակտիվացում է նկատվում, նույն պահին սկսվում են  հողերի հետ վերադարձի մասին խոսակցությունները: Եղեգնուտ համայնքի բնակիչներին այդ խոսակցությունները չեն հասնում, քանի որ նրանք դա ընդունում են որպես բամբասանք ու իրենց լեզվով ասած՝ հողերի վերադարձի մասին  խոսում են մարդիկ, ովքեր ուզում են թշնամու  ջրաղացին ջուր լցնել:

Կարդացեք նաև

Back to top button