
Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին (հրամանատար` կապիտան Օ.Խաչատուրյան), իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը (բաժնի պետ փոխգնդապետ Մ. Հայրապետյան) և հաշվարկա-վերլուծական կայանը: Հետագայում բացվեցին նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը լուծվեց խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով: Հետագայում կազմավորվեց ուսումնական դասակ, որը դարձավ քիմիկոս-մասնագետների և կրտսեր հրամանատարների պատրաստման կարևոր օղակ: Հաշվի առնելով կատարված աշխատանքի ծավալը` 1997թ. մարտ ամսին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության, որը մինչ այսօր ղեկավարում է գնդապետ Ս. Արզումանյանը:
ՌՔԿՊ զորքերը անմասն չմնացին Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, մասնագետները սահմանամերձ տեղամասերում և հակառակորդի հավանական հարձակման ուղղություններով տեղադրեցին հրանետներ, կազմակերպեցին անձնակազմի ուսուցումը, իրականացրին մարտադաշտից հավաքված` մանրէներով վարակված և վերանորոգման ենթակա տեխնիկայի հատուկ մշակումը:
Զինադադարից հետո առաջնահերթ ուշադրություն դարձվեց անձնակազմի մարտական պատրաստությունը որակական նոր աստիճանի բարձրացմանը: Ստեղծվեց նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, ՀՀ ԶՈՒ զորամիավորումներն ու զորամասերը ապահովվեցին անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով: Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի գործունեությունը կազմակերպվում է երկու ուղղություններով` հակառակորդի` ռադիացիոն, քիմիական, կենսաբանական միջոցների կիրառմամբ հավանական հարձակման դեպքում զորամասերի ու ստորաբաժանումների կողմից մեր զինծառայողների ու քաղաքացիական բնակչության պաշտպանություն և ԶՈՒ անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից ճիշտ օգտվելու ուսուցանում:
ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերն արդեն զարգացման բոլորովին նոր փուլ են մտնում: Մշակվել է զորքերի վերազինման ու կատարելագործման նոր ծրագիր, որի իրագործումը թույլ կտա օգտագործել նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, զորքեր մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ: ՌՔԿՊ զորքերի վարչությունն ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿի և ՆԱՏՕի հետ: Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Եվրոպայում և այլ երկրներում, մասնակցում այնտեղ անցկացվող զորավարժություններին, ծանոթանում այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային: ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ:
Համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների հետ՝ ՀՀ ԶՈւ մարտական հաշվարկները մշտապես մասնակցում են ՆԱՏՕի ծրագրով պարբերաբար անցկացվող արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներին:




