Քաղաքական

Վանաձորի ընտրություններին մասնակցած երեք կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Վանաձոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու մասին։ Կուսակցությունից ներկայացնում են համագործակցության հուշագրի տեքստը:

«Հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, Լուսավոր Հայաստան կուսակցության (10 մանդատ), Հայկական Վերածնունդ կուսակցության (5 մանդատ) և Բարգավաճ Հայաստան կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:

Հիմք ընդունելով ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկած ընտրողների պահանջը, ինչպես նաև ելնելով Վանաձոր քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծման հրամայականից, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կնքում են համագործակցության սույն հուշագիրը պարտավորվելով`

ա. Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին (ընդհանուր թվով` 18 մանդատ),
բ.  Վանաձորի զարգացման հնգամյա ռազմավարական պլանը կառուցել արդյունավետ կառավարման լավագույն սկզբունքների հիման վրա:
գ. Վանաձորում իրականացնել թափանցիկ, հաշվետու, մասնակցային կառավարում, ինչը կերաշխավորի քաղաքի համաչափ զարգացումը, կբացառի կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու շահերի բախումը, կապահովի հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:
դ. Սույնով, նշված ուժերը, համամասնորեն ներգրավվում և ստանձնում են Վանաձոր քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝
• Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջադրում է քաղաքապետի թեկնածուին
• Հայկական Վերածնունդ կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուին
• Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է քաղաքապետի տեղակալի թեկնածուին

ՏԻՄ մակարդակում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պարտավորվում համատեղ ջանքերով գործել հանուն Վանաձորի զարգացման»:

Back to top button