Հասարակություն

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Փարիզի քաղաքապետին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանy hոկտեմբերի 8-ին ընդունեց Երեւան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երեւանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երեւանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրասիական քաղաքական ուժերի միջեւ հայ-ֆրանսիական բարեկամության հանդեպ», — ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետն ընդգծեց, որ հաճելի է գտնվել Հայաստանում՝ Երեւանի օրվան նվիրված տոնակատարությունների առիթով եւ այդ առիթն օգտագործել նաեւ երկու քույր քաղաքների միջեւ կապերի ու համագործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ընդլայնմանը, երկու երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցությանը։

«Ձեր անկեղծ նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը դրսեւորվել է մշտապես ձեր գործունեության ողջ ճանապարհին, եւ հաճելի է, որ այդ ճանապարհի մի մասը մենք անցել ենք միասին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում, որ անցյալ տարի ապրիլի 24-ի երեկոյան Դուք անձամբ մարեցիք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի», — շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երեւանի եւ Փարիզի միջեւ համագործակցության ամրապնդման գործում նրա ունեցած կարեւոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը:

Back to top button