Հասարակություն

Աուտիզմ ունեցող երեխաները` ուշադրության կենտրոնում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասօր ընդունել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրենին, խորհրդի անդամներին և «Աուտիզմի հաղթահարումը» ծնողական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի ծավալած գործունեությունը` շեշտելով, որ աուտիզմ ունեցող երեխաները մշտապես գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Խորհրդի նախագահը ներկայացրել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ ներկայումս կենտրոն է հաճախում 117 երեխա,
գրանցվածների հոսքը շատ մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել մի քանի հավելյալ հաստիքի: Հիմնադրամում աշխատում է 51 աշխատակից: Նրա խոսքով` հիմնադրամը սպասարկում է նաև ՀՀ այլ մարզերից և Արցախից եկած երեխաներին:

Նշենք, որ 2012 թվականին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որը կոչված է լուծել աուտիզմով երեխաների, պատանիների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, օգնել նրանց վարել լիարժեք կյանք, ինչպես նաև նպաստել նրանց ընտանիքների ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում պետական ֆինանսավորումը թույլ է տվել 2014 թվականին հիմնել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ արդի չափանիշներին համապատասխան շենքային պայմաններում, ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով և համապատասխան միջավայրում մատուցում են նորագույն արդյունավետ թերապևտիկ շտկողական ծառայություններ:

Back to top button