Քաղաքական

ԱԺ- ն ձեւավորեց նոր ԿԸՀ հին կազմից

lenabadeyan

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ այսօր ընտրել է եւ ձեւավորել է նոր ԿԸՀ: «Նոր» ձեւակերպումը հարաբերական է, քանի որ գործող ԿԸՀ կազմը մնացել է նույնը: Ի դեպ՝ սա առաջին անգամ է, երբ ԿԸՀ-ն ձեւավորում է խորհրդարանը՝ նոր Սահմանադրության համաձայն: Հիշեցնենք, որ այսօր արդեն երրորդ օրն է, ինչ պատգամավորները քննարկում են Տիգրան Մուկուչյանին, նրա գործընկերներին եւ ընդհանրապես ընտրությունների կազմակերպման հարցը: Հնչած բազմաթիվ քննադատություններին հակառակ՝ Տիգրան Մուկուչյանին կողմ էր քվեարկել 96 եւ դեմ 4 պատգամավոր: Ինչ վերաբերում է օրինաստեղծ աշխատանքին, ապա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը որոշ դեպքերում ունեցավ անսպասելի շրջադարձ՝ նույնիսկ նախարարի համար:

 

Երկու տարի մշակելուց եւ պատրաստելուց հետո այսօր կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը քաղհասարակության շահերի դիտանկյունից է մշակվել՝ հավաստիացնում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարող են հայտարարություններ հնչել, թե այն շատ լիբերալ է: Օրինագիծը կառավարությունում ամենաշատ քննարկվածներից է ՀԿ-ների, միջազգային կառույցների եւ այլնի հետ:

Պետությունը փորձում է անհարկի չմիջամտելով ՀԿ-ների գործունեությանը, միեւնույն ժամանակ, պատշաճ կերպով ձեռքը պահել զարկերակի վրա՝ բացատրեց նախարարը: ՀԿ-ներին տրվում են որոշակի նոր իրավունքներ: Օրինակ՝ հնարավորություն կտրվի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, նաեւ փոխվում է հաշվետվության կարգը: Գործող օրենքն այս հարցը չի կարգավորում, նախագծով ամրագրվել է, որ եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա կազմակերպությունը պարտավոր է հրապարակել հաշվետվություն: «Չներկայացնելու դեպքում կլինի վարչական պատասխանատվություն»,– զգուշացրեց արդարադատության նախարարը: Մեկ այլ նորությունն էլ. եթե հաշվետու տարում տվյալ ՀԿ-ի հանրային ռեսուրսներից կազմված մուտքերը հասնում են մինչեւ 5 մլն դրամի, ապա այդ ՀԿ-ն պետք է ենթարկվի աուդիտի։

ԱԺ- ն այսօր նաեւ հաստատեց, ավելի ճիշտ՝ ընտրեց մեկ այլ մարմին, որը պետք է այսուհետ պաշտպանի ազատ եւ արդար ընտրությունների շահը: Խոսքը նոր ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրության մասին է: Խորհրդարանում կազմակերպված մեկժամյա քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ խորհրդարանն առաջիկա ընտրությունները կազմակերպելու գործը կրկին վստահում է նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Կառույցի կազմում որեւէ փոփոխություն տեղի չունեցավ:

Հիշեցնենք՝ Տիգրան Մուկուչյանի ղեկավարած ԿԸՀ-ն կազմակերպել է 2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահական ընտրությունները, 2015-ի սահմանադրական հանրաքվեն եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ: Այն կազմակերպելու է նաեւ  գալիք՝ 2017-ի ԱԺ ընտրությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու առումով: Հիշեցնենք նաեւ՝ նոր ԿԸՀ-ն աշխատելու է նոր ԸՕ-ով, որը ենթադրում է նոր տեխնոլոգիաների կիրառում, նոր մոտեցումներ եւ նոր իրավակարգավորումներ:

Back to top button