Հասարակություն

Դուդուկի փառատոնը կբացի իսրայելական «Շում» տրիոն

sonahakobyan

Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելու է Երևանի դուդուկի փառատոնը: Փառատոնի նպատակն է  ընդգծել դուդուկի կարևորությունը և ազդեցությունը հայկական մշակույթի վրա: Փառատոնն արդեն 2-րդ տարին է անցկացվում: Կազմակերպիչն է Music of Armenia-ն: Փառատոնը կբացի «Շում» տրիոն Իսրայելից, որը փառատոնի հատուկ հյուրն է: «Շում»-ը տարիներ շարունակ Իսրայելի ունկնդիրներին ներկայացնում է դուդուկը և հայկական երաժշտությունը: Խումբն առաջին անգամ հնարավորություն կունենա իր արվեստը ներկայացնել նաև հայ լսարանին: Հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Ծիրանի» համույթը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Դը Բրդս» խումբը: Համերգները տեղի կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում  և «Մեգերյան Կարպետում»:

 

Երևանի դուդուկի փառատոնն այս տարի կմեկնարկի Իսրայելից ժամանած «Շում» տրիոյի համերգով: Ամենամյա փառատոնի նպատակն է պահպանել եւ խթանել դուդուկի ժառանգությունը՝ փառատոնին ընդառաջ նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:

«Շում» տրիոյի դուդուկահար, ազգությամբ հրեա Իլյա Մազյան Երուսաղեմ է տեղափոխվել  Լենինգրադից դեռ 25 տարի առաջ: Իսրայելում էլ սկսել է ուսումնասիրել երաժշտական տարբեր գործիքներ, այդ թվում՝ դուդուկ: Պատմում է, որ ոչ ավանդական երաժշտական գործիքներով սկսել է հետաքրքրվել՝ ոգեշնչվելով արտասովոր հնչյուններից, որոնք լսվել են սուրբ քաղաքի տարբեր հատվածներից:

«Երուսաղեմում պարզապես հիացած էի այն բոլոր հնչյուններով, որոնք լսվում էին քաղաքի տարբեր հատվածներից: Քայլում ես հինավուրց քաղաքում և լսում ես հին եկեղեցիների զանգերը, աղոթքները: Այդ ամենից ոգեշնչված սկսեցի հետաքրքրվել ազգային, արևելյան, եկեղեցական երաժշտությամբ: Ուսումնասիրել եմ նաև Ջիվան Գասպարյանի գործերն ու զգացել, որ ինձ բավականին հոգեհարազատ է հայկական երաժշտությունը»,- ասում է հրեա երաժիշտը։

Դուդուկի դասերն իհարկե դժվար էին՝ խոստովանում է։ Եղել են պահեր, երբ նույնիսկ ցանկացել է երաժշտական գործիքը կոտրել և դեն նետել: Այդուհանդերձ՝ դուդուկ նվագելու ցանկությունն այնքան մեծ էր, որ հաղթահարել է բոլոր դժվարությունները և այժմ արդեն Իսրայելում շատերը գալիս են իրենց համերգներին՝ լսելու հենց դուդուկ: Իլյա Մազյան նշեց, որ առաջին անգամ են ելույթ ունենալու Իսրայելի սահմաններից դուրս:

Back to top button