Հասարակություն

Ի՞նչ են բացահայտում Սարի թաղի գործով մեղադրվողների փաստաբանները

lusinevasilyan

Այսօր լրագրողների հետ են հանդիպել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած  դեպքերի  կապակցությամբ հարուցված գործով մեղադրվող անձանց փաստաբանները: Կարեն Մեջլումյանն ու Հովիկ Արսենյանը համոզված են, որ իրենց պաշտպանյալները զանգվածային անկարգություն չեն կազմակերպել ու չեն  էլ իրականացրել, հակառակը ՝ փորձել են կանխել դրանք:  Նախաքննության ընթացքին այսօր անդրադարձել է նաև Կարո Եղնուկյանի պաշտպանը: Եղնուկյանը  մեղադրվում է   շենք-շինություններ զավթելու, պատանդ վերցնելու հարցում «Սասնա ծռերին» աջակցելու մեջ: Ի դեպ, վաղը դատարանը քննելու է Եղնուկյանի կալանքը գրավով փոխելու հարցը: Պաշտպանական կողմը պատրաստվում է բավականին մեծ գրավ առաջարկել: 

 

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ:  Մեղադրանքը հաստատվելու դեպքում  նրան 4-ից 10 տարվա ազատազրկում է սպառնում: Պաշտպանական կողմը ոչ միայն չի ընդունում մեղադրանքը, այլև պնդում է, որ Անդրիաս Ղուկասյանի գործողությունները տրամագծորեն հակառակ բնույթ են ունեցել:

Ըստ նրա պաշտպան Կարեն Մեջլումյանի՝ Ղուկասյանը ոչ թե զանգվածային անկարգություններ է հրահրել, այլ փորձել է  կանխել դրանք: Սրանում  պաշտպանական կողմը համոզվել է  ականատեսների, այդ օրվա  իրադարձությունները լուսաբանող լրագրողների շրջանում հարցում կատարելով:

«Այսինքն, որոշեցինք ակտիվ պաշտպանություն իրականացնել, որ ապացուցենք, որ այն ինչ վերագրվում է Անդրիաս Ղուկասյանին, ոչ միայն չի եղել, այլև 180 աստիճանով հակառակն է տեղի ունեցել: Սարի թաղում մարդիկ ասում  են, որ Անդրիաս Ղուկասյանը և մյուսները ձեռքները պահել են ու ասել ժողովրդին՝ սադրիչներ են, հանկարծ չտրվեք սադրանքների: Այսինքն՝ ամբողջությամբ հակառակ պատկերն են ներկայացրել»,- ասում է փաստաբանը։

Մեջլումյանի պնդմամբ՝ նախաքննական նյութերում Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք տվել են միայն ոստիկանները: Մոտավորապես նույնն է պատկերը նաև «Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանի դեմ հարուցված գործում: Նա ևս մեղադրվում է  Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի առիթով,   գործով, սակայն, անցնում է ոչ թե որպես կազմակերպիչ, այլ որպես կատարող: Նրա փաստաբան Հովիկ Արսենյանի խոսքով ՝  Դավիթ Հովհաննիսյանը քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ :

«Առաջադրված մեղադրանքը 3 թերթ է, որի վրա փորձ է արվել ցույց տալ, թե Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը ինչպես են կազմակերպել այդ հավաքը, որը անվանել են չգիտես ինչու, զանգվածային անկարգություններ, ու հետո մեկ տողով գրված է, որ Դավիթ Հովհաննիսյանն էլ իր հերթին քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ»,- ասում է Արսենյանը։

Հովիկ Արսենյանը սա  2008-ի մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործից ծանոթ ձեռագիր  է որակում ու շեշտում, որ այս դեպքում էլ մեղադրանքի  հիմքում միայն ոստիկանների ցուցմունքներն են:  Ի դեպ, մարտիմեկյան դեպքերին առնչվող  ԵԽԽՎ բանաձևերից երկուսում  հստակ ամրագրում կար  ոստիկանի ցուցմունքի հիման վրա   քրեական հետապնդում իրականացնելու  ու կալանավորելու  մասին: «1609 և 1639 բանաձևերում հստակ նշվում էր, որ մեկ ոստիկանի ցուցմունքով չի կարելի քրեական հետապնդում իրականացնել: Մեր իրավապահները կարծես թե օգտվել են այս բանաձևից՝   երկու ոստիկանի ցուցմունք են հիմա հիմք ընդունում»:

Արսենյանը միանշանակ համոզված է, որ Սարի թաղում հուլիսի 29-ի զանգվածային անկարգությունների  մասով քրեական գործը պետք է կարճվի, իսկ հետապնդումն ընդհանրապես դադարեցվի: Ի դեպ , գործի յուրահատկություններից մեկն էլ այն  է, որ նույն դեպքերի կապակցությամբ   8 հոգի մեղադրվում է զանգվածային անկարգություն կազմակերպելու և իրականացնելու  մեջ, 8 ոստիկանի նկատմամբ էլ քրեական հետապնդում է իրականացվում  Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում: «Ինչ է նշանակում՝ մի ոստիկանի մեղադրանք է առաջադրվում, մյուսի ցուցմունքն էլ արժանահավատ է համարվում և դրա հիման երթի մասնակիցները որակվում են զանգվածային անկարգության մասնակիցներ»:

Ի դեպ՝ գործի յուրահատկություններից մյուսն էլ այն է, որ և Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ  Հովհաննիսյանը  լինելով մեղադրյալներ, Հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվող գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունեն:

Այլ իրավիճակ է Կարո Եղնուկյանի դեմ հարուցված գործում: Նա մեղադրվում է շենք-շինություններ զավթելու, պատանդ վերցնելու հարցում «Սասնա Ծռեր»-ին օժանդակելու մեջ: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Այս դեպքում էլ նրա  շահերի պաշտպան  Տիգրան Հայրապետյանն այլ հարցում է առաջարկում՝ Եղնուկյանին մեղսագրվում են այն արարքներ, որոնք անգամ զինված խմբի գործում չեն հիշատակվում: «Սասնա ծռերից» որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել  ոստիկան պատանդներ ունենալու համար, այսինքն՝ էդպիսի հանցագործություն չկա: Բայց Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ պահելու  հարցում խմբին աջակցելու մեջ: Այսինքն՝ կատարող չկա, բայց օժանդակող կա: Սա անհեթեթ է»:

Վաղն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Կարո Եղնուկյանի կալանքը գրավով փոխելու հարցը: Տիգրան Հայրապետյանն այսօր ասաց, որ  պաշտպանական կողմը որպես գրավ  դատարանին 1 մլն դոլարի անշարժ գույք  է առաջարկելու: Ըստ պաշտպանի՝ գրավի այս չափն ինքնին երաշխիք է, որ խափանման միջոցի փոփոխման դեպքում Եղնուկյանը նախաքննությանը խոչընդոտող  որևէ քայլ չի ձեռնարկի:

Back to top button