Հասարակություն

Ստորագրահավաք՝ Լենինգրադյան փողոցն անվանակոչելու նպատակով

karenghazaryan
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը սկսել է ստորագրահավաք՝ Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կոչելու նպատակով: Նախաձեռնության անդամներ Լեւոն Զաքարյանն ու Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ակնկալում են 8 հազար ստորագրություն հավաքել եւ դիմել Երեւանի քաղաքապետարան: Նախաձեռնության անդամները համոզմունք են հայտնել, որ վաղուց ժամանակն է, որպեսզի հայ ժողովրդի ճակատագրում չարաբաստիկ դերակատարություն ունեցած Լենին անունն ի սպառ դուրս դրվի գործածությունից:

Նրանք նաեւ նկատել են, որ Երեւանում կան նաեւ շատ այլ փողոցներ, որոնք նպատակահարմար է անվանակոչել մեր նորօրյա հերոսների անուններով՝ այդ կերպ եւս մեկ անգամ արժեւորելով նրանց: Նախաձեռնության անդամենրը շեշտել են, որ իրենց նախաձեռնությունը որեւէ հակառուսական միտում չունի, քանի որ նախ՝ «Լենին» անունը կապված է ոչ թե ռուսականության, այլ՝ Խորհրդային Միության հետ, եւ հետո, եթե հակառուսական տրամադրություններով իրենց քայլը պայմանավորված լիներ, ապա՝ առաջ կքաշեին ոչ թե Լենինգրադյան, այլ, օրինակ, «Մոսկովյան» փողոցի անվանափոխության խնդիրը՝ շեշտել է նախաձեռնության անդամներից Լեւոն Զաքարյանը:

Back to top button