Տարեցները՝ ուշադրության կենտրոնում
«Համայնքային ինտերգրված տնային խնամք ու առողջ ծերացում». ծրագիր, որի փորձնական մասն իրականացվելու է Հայաստանի երկու՝ Շիրակի և Լոռու մարզերում: Այն կյանքի է կոչվում Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերի աջակցությամբ: Ծրագրի մեկնարկն այսօր էր: Առաջին փուլում ներգրավվելու են երկու մարզերի միայնակ տարեցները, քրոնիկ հիվանդություն և սահմանափակ կարողություն ունեցող շուրջ 200 շահառու: Համայնքներում ստեղծվելու են համայնքային տնային խնամքի կենտրոններ, բուժքույրերից, տնային խնամք իրականացնողներից ու կամավորներից կազմված արձագանքման շարժական թիմեր: Ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի երկու մարզերում տարեցների խնամքի նոր մոդել ներդնել:
Ուշադրության կենտրոնում տարեցներն են, սակայն, երկու՝ Շիրակի և Լոռու մարզերի: Ընտրությունը պատահական չի կատարվել. 1988թ երկրաշարժից ամենաշատն այս մարզերը տուժեցին, բացի այդ, ողջ ընթացքում մեր երկրին աջակցություն ցուցաբերեց հենց Կարմիր Խաչը: Հայաստանը, ի դեպ, Հարավային Կովկասում Շվեյցարական Կարմիր խաչի առաջին գործընկեր երկիրն է:
Առաջին անգամ Հայաստանում մոդել է ներդրվում՝ ինտեգրված բժշկասոցիալական աջակցություն տարեցներին, հաշմանդամներին ու քրոնիկ հիվանդներին: Շվեյցարական Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովա.«Առաջինը տան պրոֆեսիոնալ խնամքն է՝ բուժքույրերի աջակցությամբ, ինչպես նաև տան օգնողների և կամավորների: Երկրորդ, սա առողջ ծերացում է ենթադրում: Այսօր մենք մեծ թվով բնակչություն ունենք, որը դեռևս ակտիվ է, բայց, տանն է գտնվում, զբաղվածություն չունի»:
Թե՛ Շիրակում, և թե՛ Լոռիում բարձր է նաև աղքատության մակարդակը, շատ են նաև արտագնա աշխատանքի մեկնողները, ուստի և միայնակ տարեցների թիվն է ավելի մեծ:
Զրուցակիցս վստահեցնում է՝ առաջին փուլի ավարտից հետո՝ ծրագիրը կիրականացվի նաև Հայաստանի մյուս մարզերում: Իսկ այս փուլը կավարտվի 2019թ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն էլ է խոստովանում՝ ծառայությունների հիմնական մասը մեծ քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում են կենտրոնացված: Ավելին, Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում ընդհանրապես տարեցների խնամքի կենտրոններ չկան: Այստեղ է, որ բարի կամեցող մարդկանց են փնտրում: Զրուցակիցս վստահեցնում է՝ միայն մասնավորից աջակցություն չեն ակնկալում, պետությունն էլ է ուղիներ փնտրում ՝ խնդիրների լուծման համար:
Ավելին, հետազոտություն են իրականացրել ու ծանոթացել տարեցների կարիքների հետ.«Պարզվեց, որ ավելի շատ վստահություն կամ հավանություն կա սոցիալական օգնականի ինստիտուտի նկատմամբ, տնային խնամքը՝ շուրջօրյա տնային ծառայությունը, որն այսօր մենք չունենք»:
Ի դեպ, ամեն տարի պետական բյուջեից միայն տարեցների խնամքի համար տրամադրվում է շուրջ երկու միլիարդ դրամ: