Հասարակություն

Երևանում մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցեց Ինտերնետ կառավարման հայկական
երկրորդ համաժողովին։

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության  լրատվական ծառայությունից, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ նախարարը նշեց, որ  Ինտերնետ կառավարման հայկական համաժողովը պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների արդյունավետ
համագործակցության լավ օրինակ է:

«Վստահ եմ, որ այս համաժողովի  շրջանակներում մեկտեղված  Հայաստանի
տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներուժը  լայն
հնարավորություններ կտա  նոր գործնական կապեր ստեղծել, դրանք ամրապնդել և
հաստատել, նոր դռներ բացել միջազգային առաջադեմ փորձը ներգրավելու համար։
ՀՀ կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի
տնտեսության գերակա ուղղություններից մեկը և այս ոլորտի առանցքային
բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը»,- նշեց Վ. Մարտիրոսյանը։

Համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման
համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ
հանրություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մասնակիցների
թվում են «ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Ինտերնետ
հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ  Դոնկը,  հասարակական և
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

«ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևն ընդգծեց, որ
Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում և հույս
հայտնեց, որ  հայ հետազոտողները, մասնագետներն ու գործարարներն ավելի ակտիվ
կներգրավվեն այս ոլորտում: «Անցած տարվա մեր գործունեությունը շատ
բարեհաջող էր, ակնկալում ենք, որ այս տարի ևս այն կունենա դրական
արդյունքներ»,- նշեց Մ. Յակուշևը:

Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկի խոսքով`
պետք է առաջ մղել ինտերնետի ներթափանցումը հասարակության բոլոր շերտեր:
Անդրադառնալով համաժողովի օրակարգին և քննարկմանը ներկայացված  թեմաներին՝
«Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց,
որ դրանք ընտրվել են ինտերնետ հանրության կողմից՝ եռամսյա քննարկումների
արդյունքում։

Թեմաները բազմազան ու  տարաբնույթ են։  Երկօրյա համաժողովի ընթացքում
կներկայացվեն զեկույցներ  «ՏՏ աշխատաշուկայի  մարտահրավերները» ,
«Սոցիալական ցանցերը՝ որպես բիզնես գործիք», «Անձնական տվյալների
պաշտպանության կիրառումն առօրյայում» և այլ թեմաներով։

Կարդացեք նաև

Back to top button