

Դադիվանքը փուլ առ փուլ վերագտնում է իր երբեմնի շքեղությունը: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են դեռ 1999թ-ին, իսկ վերջին 2 տարիների ընթացքում վանական համալիրի բարեկարգումն առավել լայն թափ է ստացել: Արդյունքներն այսօր ավելի քան տեսանելի են:
Արցախի Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը «Ռադիլուրին» պատմում, թե ինչպիսի վերանորոգման աշխատանքներ են կատարվել վանական համալիրում: Վանքն ամբողջությամբ ցանկապատվել ու պարսպապատվել է, բայց ամենակարևորը՝ վերականգնվել են 700 տարվա պատմություն ունեցող որմնանկարները, որոնք ամբողջությամբ խամրել էին ու պատվել մրով և գրեթե չէին երեւում:
Տեր հայրն ասում է՝ եթե Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ թուրքերը տեսնեին դրանք, անպայման կքանդեին: Ի դեպ՝ 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ Դադիվանքի տարածքը վերաբնակեցվում է։ Ազգությամբ թուրք բազմանդամ ընտանիքներից մեկը բնակվում է հենց եկեղեցում, անասուններին պահում եկեղեցու խցերում: Կերակուր պատրաստելու ու տաքանալու համար ամեն օր եկեղեցու ներսում նրանք կրակ են
վառում։ Արդյունքում՝ ծխից սեւանում են եկեղեցու պատերը:
Մասնագետներից հսկայական ջանքեր են պահանջվել դրանք վերականգնելու համար: Եկեղեցու պատի մի փոքր անկյունում պահպանվել է մրոտված հատվածից մի փոքր նմուշ:
Հիշեցնենք, որ Դադին Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից էր, ու նրա մասունքներն ամփոփված են հենց վանքի տարածքում: 60-70- ական թվականներին նա գալիս է այստեղ` քարոզելու Տիրոջ խոսքը: Ժողովուրդը սակայն անհավատ լինելով չի ընդունում Դադիին եւ քարկոծելով սպանում է: Սակայն Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո այստեղ նախ կառուցվում են մատուռներ, ապա փոքրիկ բազիլիկ եկեղեցիներ:




