Հասարակություն

Ինչո՞ւ սիրիահայերը չեն կարողանում դուրս գալ Հալեպից

hasmikmartirosyan

 
Ռուս- ամերիկյան հակասությունների հետևանքով այսօր ծանր շրջան է ապրում սիրիացին: Այս անգամ թիրախավորված են Հալեպի արևելյան շրջանները, որտեղ կառավարական ուժերը՝ ՌԴ օգնությամբ, փորձում են վերականգնել վերահսկողությունը:

Իսկ մինչ այդ` Միացյալ Նահանգները հայտարարում է Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների դադարեցման մասին։ Այսօր ԱՄՆ- ը գտնվում է նախընտրական փուլում եւ այս ընթացքում Սպիտակ տունը կտրուկ գործողությունների չի գնա։ Հենց դրանից էլ օգտվում է Բաշար Ասադը՝ ասում է արաբագետ Հայկ Քոչարյանը։

Գերտերությունների ուժային պայքարի լուսանցքում է մնում կարևոր մեկ հարց՝ մարդկային ճակատագրերը։ Հալեպի հայկական թաղամասերն այս օրերին արկերի տարափի տակ է: Օգոստոսից մինչ այսօր Սիրիայում զոհվել է 8 հայ, 11-ը վիրավորվել: «Երբեմնի 250 հազար համայնք ունեցող Սիրիայի Հանրապետությունում այսօր բնակվում է 20 հազար հայ»,- թվային պատկերը ներկայացնելով՝ տեղեկացրեց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Ինչո՞ւ են մեր հայրենակիցները նախընտրում գոյատևել արկերի պայթյունների տակ, բայց չեն վերադառնում հայրենիք: Ըստ փոխնախարարի՝ բացատրությունը մեկն է՝ իրենք չեն ցանկանում տեղափոխվել Հայաստան։ Կառավարությունն ամեն ինչ անում է տեղի ազգային կազմակերպությունների աջակցությամբ հալեպահայերի վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Սակայն խնդիրը այնքան էլ միանշանակ չէ՝ ասում է փոխնախարարը։ «Սիրիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերն ունեն բազմաթիվ պարտավորություններ իրենց երկրի առջև: Զինապարտությունից չխուսափելու, բանկային գործարքների, նման բազմաթիվ խնդիրներ: Մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Ունենք պաշտոնական ներկայացուցչություն՝ հյուպատոսարանը, որին պետք է դիմեն ցանկացողները»։

Այն մտավախությանը, որ հայ համայնքը պատշաճ չի տեղեկացվում տեղափոխման կազմակերպման մասին՝ Սերժ Սրապիոնյանը տեղեկացրեց, որ հյուպատոսարանից բացի իրազեկում են երկրում գործող «շտապ օգնություն» կոչվող կազմակերպությունները; Փոխնախարարը պաշտոնապես հայտարարեց, որ եթե որևէ սիրիահայ վկայի, որ իրենք դիմել են պաշտոնական աղբյուրներին, բայց հայրենիք վերադարձի հարցում աջակցություն չեն ստացել, պատրաստ են ենթարկվել պատասխանատվության: «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տնօրեն Հայասա Թամրազյանը բոլորովին այլ պատճառներ է նշում։ «Ցանկանում են գալ, բայց ֆինանսական միջոցներ չունեն»,- ասում  է կազմակերպության տնօրենը և փաստում, որ այս երկու ամսվա ընթացքում նրանց դիմել է 30-ից ավելի սիրիահայ, որոնք դեպի Հայաստան միակողմանի ճանապարհային տոմս են ակնկալում։

Բարերարների միջոցով գումարը հայթայթվել է: 2015 թվականից իրենց դիմեց 600 սիրիահայերից  100-ը մինչեւ նոյեմբեր կտեղափոխվեն հայրենիք՝ շեշտեց Հայասա Թամրազյանը: «Երբ 2015 թվականից Հալեպի հայկական թաղամասերում գրանցվեցին թեժ մարտեր, մեր միջոցով այստեղ բնակվող սիրիահայերը դիմեցին՝ կազմակերպելու իրենց ծանոթ-բարեկամների մուտքը երկիր: 600 դիմումագրերից 350-ի համար գումար գտնվել է։ Այսօրվա դրությամբ «Փրկիր մի կյանք» ծրագրով 250 սիրիահայ է հայրենիք  վերադարձել, 100-ն էլ մինչև նոյեմբերի սկիզբ կտեղափոխվի:

Խնդիրն ունի երկու կողմ՝ իր հերթին «Ռադիոլուրին» տեղեկացրեց սփյուռքագետ, պատմաբան Քնարիկ Ավագյանը: Կա եւ ֆինանսական խնդիր, և հայրենիք տեղափոխվելու հարցում տարակուսանք, եւ տեղի ազգային կազմակերպությունների, իր բնորոշմամբ, ոչ հայանպաստ գործողություն: Ըստ պատմաբանի, այս կազմակերպությունների ջանքերով մեր հայրենակիցները տեղափոխվում են այլ երկրներ։

Back to top button