Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի մեր ընտրանու առաջիկա հանդիպումներին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբից պաշտոնական նամակ է ստացել, որում անգլիական ակումբը խնդրում է թույլատրել Հենրիխ Մխիթարյանին՝ չմասնակցելու Հայաստանի ազգային թիմի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Հենրիխը ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո գտնվում է վերականգնման փուլում։ Վնասվածքը նրա մոտ կրկնվել է այս ամսվա ընթացքում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։ Չնայած վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել ևս՝ մասնակցել որևէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանին թույլատրի չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում և շարունակելով իր վերականգնումը»,- նամակոuմ նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը։

Back to top button