

Այսօր Արմավիր քաղաքը նշում է հիմնադրման 85 ամյակը: Տոնի կապակցությամբ Արմավիրում են ՌԴ Արմավիր և Շախտ քույր քաղաքների պատվիրակությունը: Քաղաքի տոնի կապակցությամբ երկու քաղաքները արմավիրցիներին նվիրեցին մանկական խաղահրապարակ և բակային մարզասարքեր: Քաղաքի տոնի կապակցությամբ այսօր Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Արմավիր բժշկական կենտրոնում մեծ վաստակ ունեցող վիրաբույժ Հակոբ Այվազյանին, մի շարք քաղաքացիների հանձնվեցին շնորհակալագրեր: Այսօր Արմավիրում նշվում է նաև բերքի տոնը:
Վաղ առավոտից Արմավիր քաղաքի հրապարակում տոնական սեղաններ էին բացել Արմավիրի մարզի համայնքները: Նրանք ցուցադրում էին իրենց բերք ու բարիքը, դրանցից պատրաստված անուշաբույր ուտեստները: Ապագա համայնքի տոնական սեղանը տարբերվում է մյուսներից՝ տնական հալվա, ճմուռ, թթվով կոլոլակ, փոխինդ, տոլմա:
Այս տարի անբարենպաստ եղանակի պատճառով զգալի կորուստ կրեց Արմավիրի գյուղատնտեսությունը, համայնքների մեծ մասը չունեցավ այն բերքը, որն ակնկալվում էր: Տոնական սեղանների շուրջ բաժակ էր բարձրացվում գյուղատնտեսական հաջող տարվա բարեմաղթանքով:
Բերքի տոնին զուգահեռ նշվեց նաև Արմավիր քաղաքի հիմնադրման 85-ամյակը: Սարդարապատ կայարանի հիման վրա ստեղծված բնակավայրը տարիների ընթացքում անապատից վերածվեց քաղաքի, որտեղ խորհրդային տարիներին զարգացավ արդյունաբերությունը:
Անկախացումից հետո ամեն ինչ փոխվեց, իսկ վերջին տարիներին նոր շունչ է ստանում: <<Արմավիր քաղաքը գրեթե իմ տարիքին է>>,- ասում է Արմավիրի պատվավոր քաղաքացի Փայլակ Մանուկյանը, ով արդեն 62 տարի ապրում և աշխատում է Արմավիրում: Նա 20 տարի ղեկավարել է Արմավիր քաղաքի նախկին սպորտկոմիտեն:
Պատվավոր քաղաքացին կարևորեց նաև աշխատատեղերի ստեղծումը և երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովումը՝ նշելով, որ բազմաթիվ երիտասարդներ բնակարան չունենալու պատճառով չեն ամուսնանում: Արմավիրի տոնի կապակցությամբ նախօրեին Արմավիր էին ժամանել ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքի և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի պատվիրակությունները, որոնք դատարկաձեռն չէին: Նրանք արմավիրցի երեխաներին քաղաքային զբոսայգում նվիրեցին նոր խաղահրապարակ և բակային մարզասարքեր: Արամ Արզումանյանն արդեն երկու տարի զբաղվում է բակային մարզաձևով՝ սթիրթ վորքաութով, սկզբում բակում, հիմա արդեն մարզահրապարակում:
Արմավիր քաղաքի արված գործերի կողքին դասվում է նաև չարվածը, որոնք տեղ են գտել քաղաքի զարգացման ծրագրերում: Ասֆալտապատման, բարեկարգման և մյուս աշխատանքների կողքին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կարևորեց երկու հիմնախնդիր, որի լուծումը հնարավոր է կառավարության աջակցությամբ: Առաջիկայում քաղաքում կլուծվեն մի շարք սոցիալական հարցեր ի հաշիվ նոր աշխատատեղերի ստեղծման: Այս մասին հավաստիացրեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ նշելով, որ հաջորդ տարում կվերագործարկվի Արմավիրի պահածոների գործարանը:
Բացի դա Արմավիրում կառուցվելու է տարիներ ի վեր բարձրացված, բայց լուծում չստացած աղբի վերամշակման գործարանն ու Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանը: Արմավիրցիներին իրենց բարեմաղթանքը հղեցին ՌԴ քույր քաղաքների ներկայացուցիչները՝ Շախտի քաղաքի վարչակազմի ղեկավար Իգոր Մեդվեդև ու
Արմավիրի քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովը:
Տոնդ շնորհավոր, Արմավիր




