ԿարևորՀասարակություն

Այսօր Տարեցների միջազգային օրն է. Հայաստանում նրանք բնակչության 13 տոկոսն են

hasmikdilanyan

1991թ ՄԱԿ-ը հոկտեմբերի 1- ը հռչակեց Տարեցների միջազգային օր։ Հայաստանում այն նշվում է 1993թ-ից:       Մեր երկրում    ապրում է 90 տարեկանից բարձր տարիքի 6500, 100 տարեկանից բարձր տարիքի 102 և 115 տարեկան երկու անձ: 115 տարեկան տարեցներին ապրում են Արարատի մարզում: Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40 հազար դրամ: Տարեցները դժգոհ են կենսաթոշակի չափից, պատասխանատուներն էլ գիտեն, որ գումարը բավարար չէ, չկան ֆինանսական  միջոցներ, ուստի և խնամքի  այլընտրանքային ծառայություններ են առաջարկում:

 

Տարվա մեջ մեկ օր՝ հոկտեմբերի 1- ին, նրանք հայտնվում են բոլորիս՝ հատկապես պաշտոնյաների  ուշադրության կենտրոնում: Այցելում են ծերանոցներ, ծերերի խնամքի կենտրոններ ու  ամեն տարի խոստանում  կյանքի որակի բարելավում: Ծերերի խնամքի կենտրոններում գուցե ինչ որ բան փոխվում է, այստեղ գոնե ծածկ ունեն ու  սոված չեն, չեն մրսում: Ապրում են՝ կարոտը սրտում, հույս ունենալով՝  ինչ- որ մի օր անպայման տուն են վերադառնալու՝ իրենց տուն։

Հայաստանի բնակչության շուրջ 13 տոկոսը կամ 387 հազար  մարդ տարեց են համարվում,  լրացել է նրանց   65 տարին, տարեցների  կյանքի միջին տևողությունը մոտ 75 տարի է: Յուրաքանչյուր հազար աշխատողի բաժին է  ընկնում 314 տարեց մարդ։ Սա, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի խոսքով, լավ ցուցանիշ չէ։ «Աշխատողների վրա ավելի մեծ բեռ է ընկած՝ պահելու անաշխատունակ մարդկանց։ Դա է պատճառը, որ այսօր մեր սոցիալական վիճակն այնպիսին է, ինչպիսին ունենք։ Հնարավորություն չի տալիս կենսաթոշակները բարձրացնել, որովհետև տարեցների ու երեխաների թիվը  ընդունված միջինից  իրենց գործակցով մի փոքր բարձր են՝ աշխատունակ բնակչության  համեմատությամբ»,- ասում է:

Պետությունը բացի կենսաթոշակից ու նպաստից, նաև  խնամքի ու սոցիալական   ծառայություններ է առաջարկում: Հայաստանում  շուրջօրյա խնամքի կենտրոններում ապրում  է 1230  մարդ ապրում:   Մեր երկրում գործում է տարեցների խնամքի  շուրջօրյա  10 կենտրոն,  միայն թե նրանք իրենց ողջ կենսաթոշակը չեն ստանում, դրա մի մասը մնում է պետբյուջեում։

«Ծերանոցներում ապրողները ստանում են իրենց կենսաթոշակի ապահովագրական մասը, հիմնական մասը մնում է բյուջեում: 16 հազարը պահվում է, մնացած իրենց ստաժի համար տրվող հավելումը, իրենց արդար վաստակը, իրենք ստանում են: Տուն- ինտերնատում խնամքի մեկ օրը շուրջ 4 հազար դրամ է, որից 1300-ը՝  խնամվողի  սննդի գումարն է: Մնացածը պահպանման ծախսերն են»,- հայտնում է Անահիտ Գեւորգյանը։

Իսկ մեր կողքին՝   ծերերի խնամքի կենտրոններից դուրս,   ինչպե՞ ս են ապրում  նրանք:  Գո՞ հ են   իրենց կյանքից, ունե՞ն  բավարար  ֆինանսական միջոցներ: Ամենակարևոր ու հուզող հարցերի թեմատիկան «Ռադիոլուրի» զրուցակիցների համար տարիների շարունակ չի փոխվում՝   գործազրկության բարձր մակարդակ, արտագաղթ, ցածր կենսաթոշակ։

Ֆինանսական ոչ բավարար միջոցներին լրացնելու են գալիս  ցերեկային խնամքի կենտրոններում   ու  տնային պայմաններում  կազմակերպվող խնամքը: Սա է պետություն առաջարկում է ի լրացումն  ցածր ֆինանսական հատկացումների: Ցերեկային կենտրոններում տարեցները օրվա ընթացքում նաև մեկ անգամ ճաշում են: Ծրագրվում  է տարեցների  համար  նաև առողջ ապրելակերպի ակումբներ ստեղծել, նրանց համար առողջ ապրելակերպի դասընթացներ կազմակերպել:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝  տարեցները միայնակ չեն,  բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնք օգնում են տարեցներին:

Back to top button