
Տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանն այսօր տեղեկացրել է, որ Ստամբուլում ստորագրահավաք է սկսվել Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունակ ճանաչելու ուղղությամբ: Պատրիարքը 2008 թվականից անբուժելի հիվանդությամբ է տառապում և գտնվում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Առողջության պատճառով ի զօրու չէ հայ համայնքի հովվապետը լինել և հոգալ առկա խնդիրները: Անհրաժեշտ են նոր ընտրություններ: Սա է ստորգրահավաք նամակի բովանդակությունը: Ըստ փորձագետի՝ այս անգամ պահանջը կարող է լուծում ստանալ, քանի որ գործի ընթացքին կարծես թե իր կապերով չի միջամտում ներկայիս փոխանորդ Արամ Աթեշյանը:
«Ռադիոլուրը» կապ է հաստատել «Ակոս» թերթի խմբագիր Երվանդ Դանձիկյան հետ, ով փոխանցել է՝ շուրջ 8 տարի է համայնքը նմանատիպ տարբեր ստորագրահավաքներ է կազմակերպում, բայց՝ ապարդյուն: «Ցավում եմ, որ այս մեկն էլ կարող է նախորդների ճակատագրին արժանանալ»,-ասել է Երվանդ Դանձիկյանը:




