Հասարակություն

Գառնիում սպասվում են համայնքապետի բուռն ընտրություններ

lenabadeyan

Հոկտեմբերի 2-ին լուրջ ընտրական կրքեր են ծավալվելու Գյումրիում եւ Վանաձորում, եւս 6 մարզերում քաղաքացիներն ընտրելու են տեղական ինքնակառավարման մարմիններ: Լուրջ ընտրապայքար է սպասվում նաեւ Գառնիում: Առաջադրված 4 թեկնածուներից մեկն է անկուսակցական, այն էլ՝ կին: Տեղի բնակչությանը նա հայտնի է Ազատ գետի համար իր պայքարով:

 

Շուրջ 7 հազար գառնեցիներին վերջերս միավորել էր մեկ ընդհանուր խնդիր՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի դեմ պայքարն ու Ազատ գետի պաշտպանությունը: Գյուղն ի վերջո հասավ հաջողության, կառավարությունը վերանայեց Ազատ գետի ջուրը խողովակներով Արարատի մարզ տեղափոխելու որոշումը:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները սակայն պառակտելու են ձեւավորված միասնությունը: Գառնիի համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է միանգամից չորս թեկնածու: Ինքնաառաջադրվել է գործող գյուղապետ Աշոտ Վարդանյանը՝ նախկինում ԲՀԿ-ական էր, բայց Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո լքել է կուսակցությունը:

Հանրապետականն առաջադրել է «Կալինա Դվին» ընկերության տնօրեն Ահարոն Սահակյանի, դաշնակցությունն էլ՝ Տիգրան Կարապետյանի թեկնածությունը։ Ահա այսպիսի ընտրապայքարի մեջ է մտել ինքնաառաջադրված կին թեկնածուն՝ Գառնի գյուղի բնակչուհի Արուսյակ Այվազյանը։ Նա հայտնի է Ազատ գետի համար մղվող պայքարից: Նախընտրական քարոզարշավի թուհուբոհում գառնեցիները կարծում են, որ գործող գյուղապետը մնացել է միայնակ, ժամանակին չի կարողացել պաշտպանել նախկին վարչապետի ծրագրերը: Սակայն, Աշոտ Վարդանյանն՝ ինքը, այդպես չի կարծում: Գյուղապետը հստակեցնում է, անհրաժեշտ է հրաժարվել մեխանիկական ոռոգման համակարգից, որովհետեւ դրանից ձեւավորվող էլեկտրաէներգիայի վարձը գառնեցիները չեն կարողանում վճարել:

Ազատ գետի պաշտպանության արդյունավետ ակցիաներից ոգեւորված եւ ինքնաառաջադրված ակտիվիստ Արուսյակ Այվազյանը համոզված է՝  կարող է նորի հիմք դառնալ: Թվարկում է շատ ու շատ խնդիրներ, որ Հայաստանի անկախացումից ի վեր առաջնային լուծման են սպասում։ Ասում է՝ առաջինը, ինչ անելու է, լուծելու է գառնեցիներին խմելու ջրով ապահովելու հարցը: Չսեւեռվելով խնդրի վրա՝ խոստովանում է՝ նախընտրական շրջանում խոչընդոտների արդեն հանդիպում է, բայց շարունակելու է իր ճանապարհը «Իմ կուսակցությունը՝ իմ համայնքն է» կարգախոսով:

Իսկ գառնեցիները վերջին հաջողությունից հետո վստահ են՝ տվել են հաղթանակների մեկնարկը՝ փրկելով Ազատ գետը: Հույս ունեն, որ հաջորդ քայլը լինելու են արդար ընտրությունների կազմակերպումը: Հիշեցնենք, գառնեցիները ղեկավար են ընտրելու հոկտեմբերի 2-ին: Ընտրապայքարի մեջ մտած 4 թեկնածուն պայքարելու է շուրջ 5 500 հազար ընտրողի յուրաքանչյուր ձայնի համար: Որոշ թեկնածուներ նույնիսկ վստահված անձեր են ընտրել ոչ գառնեցիներին, որպեսզի համայնքային կապերը չխանգարեն արդարությանը:

Back to top button