Քաղաքական

Կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն՝ ասում է ԱԺ փոխխոսնակը

lusinevasilyan

Կառավարության կազմը կամբողջանա 1-2 օրից, նշանակումների համար սահմանված  ժամկետները չեն խախտվի ՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Առանցքային երկու պաշտոնների՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նշանակման շուրջ ԱԺ փոխխոսնակը հորդորել է ենթադրություններ ու կանխատեսումներ չանել՝ հիշեցնելով , որ այդ գործառույթը  վերապահված է հանրապետության նախագահին: Շարմազանովն անդրադարձել է  ոչ միայն կառավարության ձևավորման հարցերին, այլ  նաև  մեկնաբանել է  երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած ոչ միանշանակ հայտարարությունը:

 

«Հայաստանում  սեպտեմբերյան հեղափոխություն չի եղել: Սա ով լավ չի գիտակցում, տեղեկացնում եմ: Եվ հին կառավարության, և նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք»,- ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս հայտարարությունն արեց երեկ ԱԺ ամբիոնից  ու թեև այն հնչեցնելիս նշեց, որ խոսքն ուղղում է լավ չգիտակցողներին։

Այսօր, այնուամենայնիվ, փորձեցին ճշտել ՝ ում էր ուղղված այդ պարզաբանումը: «Խոսքս բոլոր նրանց էր ուղղված, ովքեր կարծում են, որ կառավարության փոփոխությունը հեղափոխություն է, հնի ջնջում է: Էդպես չի: Հստակ նշեցի, որ թյուընկալում չլինի»:

Իսկ հատկապես որտեղ ԱԺ փոխխոսնակը նկատել այդ թյուրընկալումը՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության շարքերում: «Հիմնականում ընդդիմադիրների շարքերում են, քաղաքական մեկնաբանների, գուցե ձեր կամ մեր շարքերում: Չեմ ուզում տարանջատել: Մեր այն բոլոր  քաղաքացիները, որոնք կարծում էին, թե Հայաստանում նոր կառավարությունը հնի շարունակողը չէ և նոր կառավարության քաղաքական պատասխանատուն այլ է, սխալվում են։ Սա բարեփոխում է, սեպտեմբերյան բարեփոխում… Բոլոր վարչապետների, այդ թվում Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, մենք պատասխանատու ենք թե՛ դրականի, թե՛ բացասականի համար»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը որևէ ակնարկ ԱԺ փոխնախագահի խոսքում չի տեսնում: «Համաձայն եմ, որևէ հեղափոխություն Հայաստանում չի եղել ՝ ոչ սեպտեմբերյան , որ հոկտեմբերյան: Ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փոփոխություններ են արվել»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը չի կարծում, թե փոփոխությունները համակարգային են: Դրանց հիմքում քաղաքական նպատակահարմարությունն է՝ ասում է Նաիրա Զոհրաբյանը և օրինակ բերում կառավարության կառուցվածքի փոփոխության օրինագիծը, որը, ըստ նրա, «ոչ այլ ինչ է, քան՝ նոր կառավարության վրա արված շտոպկա, կարուձև, նոր կառավարության դրայվը, այսպես ասենք, բավարարելուն, որոշներին պաշտոն տալու, որոշներից էլ այդ պաշտոնները վերցնելու նպատակով: Անձերի փոփոխությունից որևէ բան չի փոխվելու»: Սա ԲՀԿ-ի դիրքորոշումն էր:

Իշխող ՀՀԿ-ն անձերի փոփոխությունը չի կարևորում: Կառավարության նոր ձևավորվող թիմը փորձելու է հին խնդիրները նորովի լուծել: Ի դեպ՝  Շարմազանովը չի կարծում, թե  ճիշտ է նոր կառավարությունը տեխնոկրատների անվանել: Կառավարության կազմում ոչ կուսակցական պրոֆեսիոնալների հետ նաև բազմաթիվ կուսակցական գործիչներ են՝ ասում է:

Ի դեպ, կառավարության կազմում մինչ այս պահը անորոշ է միայն երկու առանցքային պաշտոնների ճակատագիրը:  Կունենանք նոր արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ, թե՝ ոչ. հարցին  անդրադառնալով ՝ ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց՝ այդ նշանակումները    հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում են: Օրենքով սահմանված ժամկետում այդ նշանակումները կարվեն։  Կառավարության կազմը կամբողջանա 1-2 օրից, պաշտոնակատարներ այլևս չեն լինի, կլինեն նախարարներ:

Back to top button