ԿարևորՏնտեսական

Առանց ստվերի կրճատման տնտեսությունը չի զարգանա. ԱԺ- ում քննարկեցին Հարկային օրենսգիրքկը

lenabadeyan

Այսօր խորհրդարանը կիսադատարկ դահլիճում կազմակերպել է աղմկահարույց «Հարկային օրենսգրքի» քննարկումը երկրորդ ընթերցմամբ: Բացի տնտեսական լուրջ խնդիրներից՝ այս հարցի ներկայացումն այս փուլում նաեւ որոշակի քաղաքական ենթադրություններ անելու առիթ տվեց:  Մինչ նոր կառավարության ծրագրի հրապարակումը արդեն պարզվեց նաեւ, թե որ ուղիով է այն գնալու:

 

Հակառակ Կարեն Կարապետյանի նոր կառավարությունից բոլոր սպասումներին` այն ստիպված է լինելու աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարության նախանշած ուղիով: Այն է՝ տնտեսության համար հենասյուն համարվող «Հարկային օրենսգրքով»: Հիշեցնենք՝ առաջին ընթերցման ժամանակ այս փաստաթղթից դժգոհում էին նույնիսկ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավորները:

Չսպասելով նոր կառավարության նոր ծրագրի հրապարակմանը՝ փաստաթուղթը կրկին քննարկվում է խորհրդարանում արտահերթ ռեժիմով արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ինչն ուշագրավ է՝ կիսադատարկ դահլիճում՝ 6 ելույթի ուղեկցությամբ: Պետեկամուտների նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խոստովանում է՝ առաջինից երկրորդ ընթերցում փաստաթուղթը էապես լրամշակվել է: «Առաջարկությունների գերակշիռ մասը ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է»,- ասում է պաշտոնյան: Ելույթ ունեցողներից շատերն այսօր հայտարարեցին՝ փաստաթղթի տարբեր հատվածների պատճառով հակված են դեմ քվեարկել:

«Հարկային օրենսգրքի» լրամշակված տարբերակից դժգոհ էին օրինակ՝ նախկին վարչապետ  Հրատ Բագրատյանը՝ կառավարության ներկայացուցչի պատասխաններում նկատելով իր հանդեպ հեգնանք եւ ցինիզմ ու նաեւ փաստաթղթում այդպես էլ չգտնելով, թե «ո՞ւր են փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները», դժգոհ էր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը՝ պնդելով, որ «կան արմատական հարցեր, որոնք չեն փոխվել, մնացել են նույնը», քննադատում էին նաեւ Գուրգեն Արսենյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Վերջինն այս հարկային օրենսգրքի նախագիծում ստվերի կրճատման որեւէ մեխանիզմ չի տեսնում:

«Տնտեսական առաջիկա զարգացումը չի կարող լինել առանց ստվերի կրճատման»,- պարզաբանեց Վախթանգ Միրումյանը: Իսկ հասարակությանը հուզող կարեւորագույն եւ սկզբունքային հարցը փաստաթղթում առնչվում է աշխատավարձերից գանձվող եկամտահարկին: Հարկային օրենսգրքի նախնական տարբերակում առկա շեմերի բարձրացումները վերանայվել են եւ նոր առաջարկի համաձայն գործելու է հետեւյալ սանդղակը՝ 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում՝ նախկինում մինչեւ 120 հազարի շեմի փոխարեն: 28 տոկոսի դրույքաչափը կիրառվելու է ոչ թե 120 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ միջակայքի համար, ինչպես նախատեսված էր առաջին ընթերցմամբ փաստաթղթի տարբերակում, այլ՝ 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ միջակայքի համար: Իսկ 2 միլիոնից ավելի աշխատավարձերի դեպքում առաջարկվում է պահպանել այսօրվա գործող դրույքաչափը, որը կազմում է 36 տոկոս:

Պատգամավորներն այսօր սպառեցին օրակարգային հարցերը եւ ԱԺ շենքում կհավաքվեն վաղը՝ այսօր քննարկված հարցերի քվեարկությունները կազմակերպելու համար:

Կարդացեք նաև

Back to top button