
Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ-ի կայքում:
«Սեպտեմբերի 29-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նիստում կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: Նաև օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը:
Համակարգող խորհրդի անդամներ են՝ արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարները: 2015 թվականի սեպտեմբերից խորհուրդը նախագահում է Հայաստանը:




