Հասարակություն

Պետական գնումների գործընթացը թափանցիկ դարձնելու քայլեր արվել են

karenghazaryan

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր ներկայացրել է 2015-2016 թթ.-ին ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները: Նախորդ տարիների համեմատ՝ էական փոփոխություններ չկան՝ նշել է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Փորձագետներն այն կարծիքի են, որ դժվար է փայլուն արդյունքներ գրանցել, քանի որ գնումների ոլորտում արձանագրված ռիսկերը ինչ-որ տեղ գոյություն ունեցող մենաշնորհային տնտեսության հայելային պատկերն են: Գնումների գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու քայլեր կարելի է նկատել: Փորձագետներն ասացին, որ իրենց հուսադրում է այն, որ նոր վարչապետի որոշ հայտարարություններ, օրինակ՝ «պրիմիտիվ գողություններին վերջ տալու» ձեւակերպումն անմիջականորեն առնչվում է նաեւ հենց պետական գնումների գործընթացներին:

 

Մեկ անձից գնումներ, շրջանակային համաձայնագրեր եւ բողոքարկման համակարգ. սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով ուսումնասիրություններ է անցկացրել ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնը: Ուսումնասիրություններն անցկացվում եւ դրանց հիման վրա զեկույցները հրապարակվում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ:

Կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի խոսքով՝ նպատակը թափանցիկության եւ հաշվետու կառավարման ապահովումն է: Ըստ նրա՝ եթե նախկինում իրենց բարձրաձայնած խնդիրները համարժեք քննարկման եւ ուշադրության առարկա չէին դառնում, բանավեճերում ուրույն տեղ չէին գտնում, չէին ընդունվում որոշում կայացնողների կողմից, ապա, նրա գնահատմամբ, պատկերն այլ է ապրիլյան ցավալի պատերազմից հետո: «Մեր երկրում կոռուպցիան ու ոչ թափանցիկությունը մեզ ցույց տվեց, որ այն ունի արյան գին: Մեծ հույս ենք հայտնում, որ բացահայտումները կդառնան առողջ քննարկումների առարկա, որոնք մեզ կօգնեն իրապես լուծելու խնդիրները, որպեսզի մենք՝ մեր հասարակությունը, մեր պետությունը, մեր ազգը սրանից հետո արյունով չվճարի կոռուպցիայի համար»:

«ԹԻ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ՝ էական փոփոխություններ իրենք չեն արձանագրել՝ նախորդ տարիներին անցկացված ուսումնասիրությունների համեմատությամբ: Օրինակ՝ բավականին բարձր են շարունակում մնալ մեկ անձից կատարվող գնումները, ինչը համարվում է ռիսկային գործոն: Սա մեր տնտեսական համակարգի հայելին է՝ ասաց Վարուժան Հոկտանյանը՝ շեշտելով, որ եթե բարձր է մենաշնորհների աստիճանը, ապա նման պայմաններում դժվար է ակնկալել, որ գնումների դեպքում դա ավելի քիչ կլինի։ «Շատ դեպքերում այդ մեկ անձից գնումները իրականացվում են այնպիսի ընկերությունների կողմից, որոնց իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ նրանց բարեկամները»:

Ուսումնասիրություններն անդրադարձել են նաեւ պետական գնումների բողոքարկման համակարգին եւ կասկածի տակ առել, թե որքանով է այն անկախ ու արդյունավետ: ԹԻ կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը բավականին ծավալուն ներկայացրեց որոշ օրինակներ: Կան դեպքեր, երբ կազմակերպությունը հաղթել է գնումների մրցույթում, սակայն հետո,հարկային մարմնի վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ տվյալ կազմակերպությունը ժամկետանց պարտք ունի:

Հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության արդյունքների ազդեցությունը կլինի, եթե ընդհանուր տնտեսական համակարգում փոփոխություններ լինեն՝ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը: Առանց դրա, նրա խոսքով, դժվար է փայլուն արդյունքներ գրանցել: Սակայն որոշակի լավացումներ, գնումների գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու քայլեր կարելի է նկատել: Փորձագետներն ասացին նաեւ, որ իրենց հուսադրում է այն, որ նոր վարչապետի որոշ հայտարարություններ, օրինակ՝ «պրիմիտիվ գողություններին վերջ տալու» ձեւակերպումն անմիջականորեն առնչվում է նաեւ հենց պետական գնումների գործընթացին:

Back to top button