Հասարակություն

65 միլիոն դրամ՝ «Էրեբունի-Երևանի 2798»-ի համար

hasmikmartirosyan
Երևան քաղաքի «ԷրեբունիԵրևան 2798» տոնակատարությունն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, ու ավանադական դարձած երկօրյա միջոցառումը կանցկացվի մեկ օրում՝ զուսպ միջոցառումներով ու սեղմ բյուջեով: 

 

 

Համեստ ձևաչափով, զուսպ միջոցառումներով ու սեղմ բյուջեով հոկետմբերի 8-ին կանցկացվի մայրաքաղաքի տոնը՝ Էրեբունի Երևան 2798-ը: Որքա՞ն է կազմում սեղմ բյուջեն և ինչու՞ ավանդական դարձած շքեղությունն այս տարի կառանձնանա համեստությամբ: Եվ այսպես, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համար նախատեսված 130 միլիոն դրամից այս տարի կծախսվի 65 միլիոն դրամ:

Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը պարզաբանեց, որ այս տարվա մայիսին վերանայվել են Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն է ցուցաբերվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին:

Իսկ վերանայումն իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից, որն էլ ենթադրում է, որ Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, ու ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը: Վերջիններիս կազմակերպման համար էին ուղղվում բյուջեով նախատեսված միջոցները: Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ Մայրաքաղաքի տոնը, որի խորագիրն է «Երևան, արևի քաղաք», կնշանավորվի 34 անուն բազմաժանր միջոցառումների կազմակերպմամբ:

«Այս տարի առավել ակտիվ կլինի խաչքարերի պուրակը: Այն կդառնա հայկական ազգագրական հարթակ»:

Տեղեկացնենք, որ այս տարի Էրեբունի Երևան տոնակատարության շրջանակում շուրջ 2798 սոցիալապես անապահով ընտանիք քաղաքապետարանի կողմից կստանա անակնկալ նվեր: Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: Կկազմակերպվեն նաև այցելություններ զորամասեր:

Այժմ արտաքին ձևավորման մասին: Երևան, արևի քաղաք միջոցառումը կունենա արևի շողեր արձակող տաք գույներ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, ու վաղվանից արդեն իսկ մեկնարկող միջոցառման սոցիալական բաղադրիչին զուգահեռ մայրաքաղաքը աշնանային գույներով կվողողվի: Քաղաքի արտաքին տեսքի պատաասխանատուն վստահեցրեց, որ Երևանը արևային գույներով ջերմ տրմադրություն կփոխանցի բոլորին:

Back to top button