
տեղադրված 16.45-ին
լրացված 18.32-ին

Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն արդեն հասցրել է խորհրդարանին ներկայացնել Կառավարության կառուցվածքի փոփոխության երկու նախագիծ: Եթե մեկ տարի առաջ նախարարությունների թիվն ավցելացավ, այսօր արդեն անհրաժեշտություն կա դրանք կրճատելու եւ որոշների անվանումները փոփոխելու: Այսօր խորհրդարանը սկսել է իր արտահերթ աշխատանքները՝ կառավարության առաջարկած օրակարգով, որը չի սպառել եւ արտահերթ ռեժիմով կաշխատի նաեւ վաղը:
Այսօր ԱԺ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը կկոչվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն։Ի դեպ, կառավարությունն առաջարկել է անվանափոխել երեք նախարարություններ, եւս մեկը՝ լուծարել:
Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը անվանափոխել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերացնել:




