Հասարակություն

Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները` ՀՀ անկախության 25 տարիների ձեռքբերումներ և չլուծված խնդիրների մասին

karenghazaryan
ՀՀ անկախության 25 տարիները. ձեռքբերումներ և չլուծված խնդիրներ. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. երկրի ներկան և զարգացում տանող բարեփոխումները – այս թեմաների շուրջ այսօր խոսել են Հայաստանի եւ Սփյուռքի գործիչները:

 

Անախոիթյան 25 տարիները, ըստ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, դարձան կայացման տարիներ՝ դժվար տարածաշրջանում ու դժվար պայմաններում: Անցած տարիները հիմք են ստեղծել մեր պետականության ու ժողովրդի հետագա զարգացման համար՝ կարծիք հայտնեց նա: Ռուբեն Սաֆրաստյանը հասկանալի է համարում դրսից պարտադրված օբյեկտիվ խնդիրները, սակայն, կածում է, որ կային նաեւ խնդիրներ, որոնք կարելի էր ավելի լավ լուծել՝ մեր ներքին կյանքն առավել բարձր մակարդակի վրա կառուցելով:

«Որոշ բան չհաջողվեց, որոշ բան հաջողվեց եւ ես կարծում եմ, որ ապագա սերունդները, երբ գնահատեն Հայաստանի Հանրապետության առաջին 25 տարիները, կնշեն, որ ավելի շատ մեզ հաջողվեց խնդիրները լուծել»:

Դա հնարավորություն է տալիս ապագային հույսով նայել՝ կարծիք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նույնպիսի եզրահանգում արեց նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ պատմական ակնարկով անդրադառնալով անկախության վերականգնման ճանապահին ու առանցքային ձեռքբերումներին՝ պետականություն, բանակ, հայկական հարցի միջազգայնացում, ժողովրդավարական հաստատությունների աստիճանական կայացում:

Սփյուռքահայ հրատարակիչ, Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի փոխանցմամբ՝ Սփյուռքի տեսակետից, բավականին երկար ժամանակ անկախ պետականություն չունենալուց հետո, երկու անկախ հանրապետություն ունենալու փաստը հսկայական իրագործում էր: Նրա գնահատմամբ՝ այն բեկումնային եղավ նաեւ Սփյուռքի համար: Այդ առումով կարեւոր է նաեւ, որ Սփյուռքի մտածողությունը փոխվեց եւ դարձավ Հայաստանակենտրոն ու Սփյուռքը որպես թիկունք զգաց հայրենիքը:

«Սա հզոր ազդակ էր՝ ուծացման դեմ պայքարի, ձուլման դեմ պայքարի, ինքնության կերտման, բյուրեղացման, հայրենիքին կապվելու՝ նաեւ իրավական փաստաթղթի ճանապարհով»:

Դժվարություններ, անշուշտ եղան ու կան, սակայն, Շահան Գանտահարյանի կարծիքով, 25-ամյակի առիթով պետք է ձեռքբերումների վրա կենտրոնանալ:

Ձեռքբերումները՝ ձեռքբերումներ, սակայն հնարավոր չէ ամեն ինչ սեւացնել եւ հնարավոր չէ ասել, թե ամեն ինչ հոյակապ է, այսպես ասենք, սփյուռքյան տեսակետը շարունակելով շեշտեց  Հարութ Սասունյանը: Նրան հատկապես անհանգստացնում է, իր ձեւակերպմամբ, սարսափելի արտագաղթը, ինչը ամենամեծ վտանգն է համարում: Նա կարծում է, որ անցած տարիների ջանքերը մեծ հաջողության չեն հասել: Օրինակ, հաջողվել է օգտագործել Սփյուռքի հնարավորությունների միայն 5 տոկոսը: Հարութ Սասունյանի կարծիքով՝ անցած 25 տարիների բացթողումների ցանկը բավականին երկար է:

«Բոլոր հարցերը մի շղթայի նման են՝ օղակների նման իրար հետ կապվել են: Կարելի չէ գաղթը կասեցնել՝ առանց Հայաստանի տնտեսությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու: Կարիլի չէ տնտեսությունն ամուր հիմքերի վրա դնել՝ առանց դատարանների, օրենքների արդար ձեւով գործելու: Օրենքները պետք է հարգվեն եւ ոչ թե թղթի վրա լինեն: Այդ բոլորը, եթե մի քիչ բարելավվեն, եւ հուսով եմ, որ շուտով կբարելավվեն, օտարներն էլ կանեն ներդրումներ եւ ոչ միայն սփյուռքահայերը»:

Կան բացթողումներ, որը մերն է ու կապ չունի որեւէ այլ երկրի հետ՝ ասաց բանախոսը: Հարութ Սասունյանը նկատեց, որ ներհայաստանյան վերջին փոփոխություններն էլ ցույց են տալիս, որ այն, ինչ ունեինք բավարար չէ: Նա հույս ունի, որ նոր կառավարությանը առիթ կտրվի արդյունավետ աշխատանքներ տանելու եւ ժողովրդի վստահությանն արժանանալու:

Back to top button